Ողբերգական վթարի հետևանքով տուժածներից 3-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, երկուսը գտնվում են Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` ծանր:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկին տեղափոխել են բաժանմունք, մյուսը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը կայուն է, մյուսինը` ծանր:
«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում գտնվող տուժածի առողջական վիճակը կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, գտնվում է վերակենդանացման բաժանմուքնում:
Հիշեցնենք, օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: