Երևանի ավագանու ընտրություններն իշխանության համար առաջին հերթին վստահության հանրաքվե են՝ կարծում են քաղտեխնոլոգները ու պնդում՝ ընտրապայքարն ունի թե՛ քաղաքային, թե՛ քաղաքական օրակարգ, և քաղաքական ուժերի հաջողության բանալին այս երկու օրակարգերը համատեղելն է։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմում-հայտեր է ստացել 14 քաղաքական ուժից։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ պատկերն ավելի պարզ կլինի, երբ քաղաքական ուժերը հստակեցնեն՝ ընտրություններին մասնակցում են քաղաքային հարցեր լուծելո՞ւ, Երևանը զարգացնելո՞ւ, թե՞ իշխանափոխության համար։

«Եթե ամեն ինչ գնա այդ սկզբունքով, այսինքն՝ Երևանի ավագանու ընտրությունները վերածվեն Արցախի հարցի քննարկման, ապա հիմնական մրցակիցներ կլինեն «Քաղաքացիական պայմանագիրը» և «Մայր Հայաստան» դաշինքը, քանի որ նրանք տարբեր ընկալումներ ու վերաբերմունք ունեն Հայաստանի, Արցախի ու ապագայի վերաբերյալ։ Իսկ եթե ընտրությունները գնան համայնքային զարգացման խնդրի հետքերով, ապա ՔՊ–ի հիմնական մրցակիցը բնավ «Մայր Հայաստանը» չի»,– ասում է Արմեն Բադալյանը։

Մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին չի մասնակցի խորհրդարանական ընդդիմությունը․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հիմնական ուժերը՝ Դաշնակցությունն ու Հանրապետականը, արդեն հայտարարել են, որ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրների ֆոնին նպատակահարմար չեն համարում քաղաքապետի ընտրություններին մասնակցելը։ Քաղտեխնոլոգը կարծում է, որ այս իրավիճակում  ընտրապայքարի ամենաընդդիմադիր ուժը լինելու է «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունների ձևավորած «Մայր Հայաստան» դաշինքը, որի ընտրական ցուցակը գլխավորելու է նախկին ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է՝ ամբողջովին քաղաքային ընտրություններ չենք ունենա, քանի որ իրավիճակն այլ է։



«Առհասարակ եթե ընտրությունները քաղաքական, բողոքական ընտրություններ են կամ ըմբոստության ընտրություններ են, ապա «սևերն ու սպիտակները» պետք է կարողանան ըմբոստ զանգվածներին համոզել ու բերել ընտրատեղամասեր։ Իսկ դա անելու համար նման տրամադրություններ պետք է լինեն նաև փողոցում, քանի որ ցանկացած ընտրություն արձանագրում ու արտացոլում է այն, ինչ կա փողոցում»,– ասում է քաղտեխնոլոգը։

Քաղտեխնոլոգի կարծիքով, սակայն, ընտրություններից մեկ ամիս առաջ մայրաքաղաքում «սուր» քաղաքական տրամադրություններ դեռ չկան․ մինչդեռ ի տարբերություն այլ համայնքների,  Երևանն ավելի քաղաքականացված է։

«Անկասկած Երևանի ընտրությունները քաղաքական բովանդակություն կրելու են։ Իհարկե, շատ կարևոր է, թե երևանցիների համար որքանով է ավելի կարևոր լինելու քաղաքական կամ քաղաքային օրակարգը։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով, շահեկան դիրքում կհայտնվեն այն քաղաքական ուժերը, որոնք կփորձեն հիբրիդային տարբերակով հանդես գալ և, իրավիճակից ու ընտրողների պահանջներից ելնելով, խաղարկել այս կամ այն օրակարգը»։

Առանց ընդդիմության, նոր անուններով ու «մերժված» քաղաքապետով․ ինչպիսին կլինի սեպտեմբերի 17-ի քվեաթերթիկը

Ընտրություններում հիմնական պայքարը 3-4 ուժերի միջև է ընթանալու՝ կարծում են վերլուծաբանները, սակայն շատ բան կախված կլինի նաև մասնակցությունից։ Օրերս «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ն հրապարակել էր սոցհարցման արդյունքները, ըստ որոնց՝ հարցվածների շուրջ 20 տոկոսն առհասարակ որոշել է չմասնակցել ընտրություններին, 11%-ը պատասխանել է, որ ոչ ոքի օգտին չի քվեարկելու, իսկ 33%-ից մի փոքր ավելին դժվարացել է պատասխանել այս հարցին։

«Եթե ընտրողների մասնակցության ցուցանիշը ցածր է, դա սովորաբար «աշխատում» է իշխանության օգտին՝ տվյալ դեպքում Տիգրան Ավինյանի օգտին․ այլ կերպ՝ քիչ մասնակցությունը մեծացնում է իշխանության կողմ տված քվեների տոկոսը, ինչպես դա եղավ օրինակ 2021թ ընտրություններին։ Ընտրողները պետք է հասկանան, որ եթե չեն մասնակցում ընտրություններին, ապա կամա թե ակամա, միտումնավոր թե ոչ, ձայն են տալիս ու աջակցում են գործող իշխանություններին»,– ասում է Վիգեն Հակոբյանը։



Հրապարակված նույն սոցհարցման տվյալներով՝ բավական ցածր է նաև կառավարող ուժի՝  «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ հանրության վստահությունը․ հարցման մասնակիցների 9 տոկոսից մի փոքր ավելին է ասել, որ սեպտեմբերի 17-ին պատրաստվում է քվեարկել  փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի օգտին, շուրջ 4 տոկոսը քվեարկելու է Հայկ Մարությանի, իսկ 2 տոկոսից մի փոքր ավելին «Ապրելու երկիր» կուսակցության՝ Մանե Թանդիլյանի օգտին։ Քաղտեխնոլոգները հնարավոր են համարում թե իշխանական, թե ընդդիմադիր կոալիցիաների ձևավորումը։

«ՔՊ–ի համար պոտենցիալ դաշնակից կարող է լինել, օրինակ, «Հանրապետություն» կուսակցությունը, եթե, իհարկե, վերջինն անցողիկ շեմը կարողանա հաղթահարել։  Այսօր շատ դժվար է ասել, քանի դեռ քարոզչությունը չի սկսվել և այնպես չէ, որ «Հանրապետություն» կուսակցությունը ակտիվ գործունեություն է սկսել, որ իմանանք իրենց ռեյտինգը։ Ինչ վերաբերում է ոչ իշխանական ընդդիմադիր դաշտին, ապա ես կարծում եմ, որ այստեղ բնական դաշնակիցներ հետագայում կարող են լինել «Ապրելու երկիրը» և Հայկ Մարությանի առաջնորդած «Ազգային առաջընթաց» կուսակցությունները»։

Մայրաքաղաքի ավագանու ընտրություններում հաղթանակը իշխանությանը քաղաքական որոշումների՝ հատկապես Արցախի խնդրի ու հայ–ադրբեջանական հակամարտության հարցում որոշումների լեգիտիմություն, իսկ ընդդիմությանը իշխանափոխության նախադրյալներ կտա։ Ըստ քաղտեխնոլոգների՝ ավելի ճշգրիտ վերլուծությունների ու կանխատեսումների հնարավորություն կտա օգոստոսի 23-ից մեկնարկող  քարոզարշավը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն