ՄԱԿ-ում Ալբանիայի ներկայացուցիչ Ֆերիթ Հոքսհան Անվտանգության խորհրդի նիստի իր ելույթում ողջունել է «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը»։

«Մենք ողջունում ենք երկաթուղային հաղորդակցության կառուցման ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն առանց հապաղելու։ Մենք ցանկանում ենք հավատալ, որ կողմերն արագ կընդունեն այս նախագծում ֆինանսական ներդրում ունենալու՝ Եվրամիության առաջարկն ու պատրաստակամությունը»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ երկաթուղային հաղորդակցության հաստատումը «վստահության կառուցման ապացույց կլինի և հիմք կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա դիվանագիտական և տնտեսական համագործակցության համար»:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը՝ Ալբանիայի ներկայացուցիչը նշել է, որ մարդասիրական կարիքները չպետք է քաղաքականացվեն, «դրանք չպետք է օգտագործվեն այլ դժգոհություններ արտահայտելու համար»: Նա կոչ է արել դիտարկել նաև մարդասիրական օգնության տեղափոխման այլ հնարավորություններ, այդ թվում՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։

Դիվանագետը նաև աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն