Միջազգային բարձրագույն ատյանում ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի մասին բարձրաձայնված է․ Փաշինյան
Կարող ենք արձանագրել, որ ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է, ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջազգային հանրության կողմից նաև հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը։ Իհարկե այս կոչը այս պահի դրությամբ իրագործված չէ, և մարդասիրական օգնությամբ բեռնված (շուրջ 400 տոննա) 22 բեռնատար Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությանը»,- նշել է Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ ՄԱԿ ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումը հաստատեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը, և այն, որ ԼՂ-ի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ:
«Ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքով անձանց և տրանստպոտային միջոցների և բեռների՝ երկու ուղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից չի կատարվել»:
Օգոտսոսի 16-ին Հայաստանի պահանջով հրավիրվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով։