ԱՄՆ իշխանությունները հավանություն են տվել Դանիայի և Նիդերլանդների կողմից չորրորդ սերնդի ամերիկյան F-16 կործանիչների մատակարարմանն Ուկրաինային: Կիևը դրանք կստանա, երբ ուկրաինացի օդաչուներն անցնեն շահագործման համար համապատասխան պատրաստություն: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն նամակներ է ուղարկել Դանիայի և Նիդերլանդների գործընկերներին՝ այդ քայլին աջակցելու երաշխիքներով:

Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ դաշնակիցների հետ մշակում է F-16-ը վարելու համար ուկրաինացի օդաչուներին ուսուցանելու հարցը: Նա ընդգծել է, որ ի վերջո Կիևը կստանա կործանիչները։

Դրանց օգնությամբ Կիևն ակնկալում է նվազեցնել ռուսական ավիացիայի և հրետանու հարվածներն ուկրաինական ենթակառուցվածքներին ու քաղաքներին։

ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը РИА Новости-ին հայտնել է, որ Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչների փոխանցումը չի ազդի Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքի վրա:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով էլ՝ Ուկրաինային միջուկային զենք կրելու ունակ F-16 կործանիչներ տրամադրելը Ռուսաստանը կդիտարկի որպես Արևմուտքի սպառնալիք միջուկային ոլորտում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն