Մոսկվան ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել. ՌԴ ՊՆ
Անօդաչու թռչող սարքը փորձել է գրոհել Մոսկվայում գտնվող օբյեկտներ՝ հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալով՝ անօդաչուն խոցվել է և ընկել մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող ոչ բնակելի շենքի վրա: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ «Վնուկովո» օդանավակայանում որոշ թռիչքներ հետաձգվել են: Ռուսական կողմը տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն է որակել և մեղադրել ուկրաինական ուժերին:
Անօդաչու թռչող սարք է խոցվել նաև Բելգորոդի շրջանում:
***
Հուլիսի 17-ից հացահատիկի գործարքից դուրս գալու մասին Մոսկվայի հայտարարությունից հետո առաջին անգամ կոնտեյներային նավը լքել է Օդեսայի նավահանգիստը և մտել Բոսֆորի նեղուց, նավի հետագա երթուղին չի նշվում։ Այսպիսով Կիևի ստեղծած սևծովյան ժամանակավոր միջանցքը սկսել է գործել։ Նավը նավարկել է Հոնկոնգի դրոշի ներքո և տեղափոխել ավելի քան 30 հազար տոննա բեռ, այդ թվում՝ սննդամթերք:
Ավելի վաղ՝ Ռուսաստանի ՊՆ-ն զգուշացրել էր՝ Սև ծովով դեպի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների հավանական փոխադրողներ՝ դրանից բխող համապատասխան ռիսկերով։
Սև ծովում ռուսական ուժերի մասնակցությամբ վերջերս միջադեպ է գրանցվել: Օգոստոսի 13-ին Սևծովյան նավատորմի «Վասիլի Բիկով» պարեկային նավը նախազգուշական կրակ է բացել և ստիպել Պալաուի դրոշի ներքո նավարկող «Շուկրու Օկան» բեռնատար նավին կանգնել՝ ստուգման համար: Լրատվամիջոցները գրում են, որ նավը պատկանել է թուրքական ընկերության և ուղևորվել է Օդեսայի նավահանգիստներից մեկը:
Թուրքիայի նախագահի վարչակազմից հայտնել են, որ երկրի իշխանությունը նախազգուշացրել է ռուսական կողմին «Շուկրու Օկան» բեռնատար նավի հարկադիր ստուգման անթույլատրելիության մասին։ Ըստ թուրքական կողմի՝ նման միջադեպերը կարող են Սև ծովում լարվածության պատճառ դառնալ:
***
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, քննարկել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր: Իրանական կողմի տվյալով՝ նախագահները, մասնավորապես, անդրադարձել են Կովկասյան տարածաշրջանում զարգացումներին, նաև Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին:
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ պաշտոնյաները մտքեր են փոխել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ: Կողմերը գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի հետ կապված, հաստատել առևտրային, էներգետիկ, տրանսպորտային-լոգիստիկ և բնապահպանական ոլորտներում երկկողմ կապերը զարգացնելու պատրաստակամությունը:
***
Ռուս-ուկրաինական հակամարտությունից հնարավոր էր խուսափել նախկինում, այն հնարավոր է դադարեցնել նաև հիմա՝ հայտարարել է Բելառուսի նախագահը: Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, թե կարգավորումն անհնար է դարձել ուկրաինական կողմի պատճառով, որը հրաժարվել է կյանքի կոչել մինսկյան համաձայնագրերը:
Նա տեղեկացրել է, որ այժմ ռուս-ուկրաինական շփումներ տեղի են ունենում, սակայն միայն հատուկ ծառայությունների, այդ թվում՝ զինվորականների մակարդակով։ Լուկաշենկոն հավելել է՝ Մոսկվայի և Կիևի միջև ցանկացած հնարավոր բանակցություն պետք է սկսվի առանց նախապայմանների:
Նա նաև կարծիք է հայտնել, թե ռազմական գործողությունների նպատակներն արդեն իրականացվել են, քանի որ, Լուկաշենկոյի խոսքով, ապագայում Ուկրաինան այլևս ագրեսիվ քաղաքականություն չի վարի Ռուսաստանի դեմ և արևմտամետ չի լինի: