Մինչ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքում է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքով բանաձև չստորագրեն և մինչ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը՝ ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականի շրջանակում Երևանից պատրաստվում է ուղևորվել Լաչինի միջանցք, քաղաքական կրքերն Արցախում շարունակում են բորբոքվել։

Վերջին օրերին Ստեփանակերտում քաղաքական փակ հանդիպումներ ու քննարկումներ են ընթանում, որոնք հրավիրում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ առանցքային թեման Ակնայի (Աղդամի) ճանապարհի գործարկման հարցն է։ Արձագանքելով դրանց՝ պաշտոնական Ստեփանակերտն այսօր հստակեցրել է՝  Աղդամի ճանապարհի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել։

Արցախի նախագահականից հերքում են լուրերը, թե նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է, թե Ակնայի՝ Աղդամի ճանապարհով առևտուր անելու մասին որոշում է կայացվել: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը, սակայն, հաստատում է, որ օգոստոսի 22-ին և 23-ին նախագահ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ։ Ավանեսյանը «Ռադիոլուր»-ին փոխանցել է Արայիկ Հարությունյանի դիրքորոշումը․

«Իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները առաջիկայում հանրայնացնելու է անձամբ»։ 



Պաշտոնական ձևակերպմամբ՝ տարբեր հանդիպումներում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները:

Փակ քննարկում կազմակերպվել է նաև Արցախի խորհրդարանում, որից հետո, սակայն, պատգամավորները փակագծեր չեն բացում։

Արցախի նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը Աղդամի ճանապարհը բացելու շուրջ տեղեկությունների ֆոնին և խորհրդարանական փակ հանդիպմանը գրեթե զուգահեռ ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Երբեք մի փոխեք ազատությունը հացի հետ… Հետո հացն էլ են խլելու…»։

Արցախում ընթացող քննարկումներից որոշ փակագծեր է բացում «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

«Այս երկու օրը կառավարությունն ու իշխանությունը քննարկումներ են անում իրար մեջ, փորձում էլ գալ մի ընդհանուր եզրակացության։ Այս պահի դրությամբ ոչ մի եզրակացություն էլ չկա, դեռ զրույցներ են։ Այս պահի դրությամբ Աղդամի հարցը, որ Կարմիր Խաչով դեղորայք մտցնեն այստեղ, դրա համաձայնությունն էլ դեռ չկա։ Չկա ու չպետք է լինի։ Բայց դե առաջարկություններ են, ինչ պետք է արվի, իրենք էլ չգիտեն՝ ինչ անեն։ Այսօր վերջին օրն է, թող իրենք իրենց քննարկումը անեն, հայտարարությունը վաղը կանեն–չեն անի, չգիտենք, ասում ենք՝ կանենք։ Համենայն դեպս, մի քաղաքական ուժն ասում է՝ գնում ենք Աղդամ, էն մյուս քաղաքական ուժն ասում է՝ ժամանակ ենք ձգում, օրը մեջ ենք հաց ուտում, ինչքան կարող ենք երկար դիմանանք։ Եվ կա առաջարկություն, որ մենք պետք է գործոն դառնանք մեր քայլերով»։   

Այն, որ տարբեր կառույցներում և քաղաքական ուժերի հետ փակ քննարկումներում որևէ որոշում դեռ չի կայացվել, հաստատում է նաև Արայիկ Հարությունյանի խոսնակը։ Արթուր Օսիպյանի նշած երրորդ տարբերակը առաջարկում է Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը։ Օգոստոսի 24–ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաք են նախաձեռնում և ակնկալում հենց այնտեղ ստանալ Արայիկ Հարությունյանի պարզաբանումները։

Ակնայով՝ Աղդամով ճանապարհի գործարկման հնարավորության մասին առաջին անգամ հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի գրեթե երեք ժամ տևած հանդիպումից հետո։ Միշելը միաժամանակ շեշտել էր, որ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։ Իսկ Նիկոլ Փաշինյանն այս հանդիպումից հետո հայտարարել էր, որ ինքը Միշելի և Ալիևի հետ Աղդամի ճանապարհի հետ կապված քննարկմանը չի մասնակցել։



Արդեն օգոստոսի 16-ին տեղի ունեցած ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ՝ Լաչինի միջանցքը բացելու հարցի քննարկումներում գրեթե բոլոր մասնակիցները հնարավոր համարեցին այլ երթուղիների գործարկումը` Լաչինի միջանցքի բացմանը զուգահեռ:

Ինչ քննարկումներ են այժմ ծավալվում պաշարված Արցախում՝ դժվար է ասել։ Այնտեղ ներքաղաքական պայքարի ակտիվացումը կապում են ոչ միայն խնդրի առաջարկվող լուծումների ընդունման կամ չընդունման, այլև՝ հենց Ակնայի ճանապարհի վերագործարկմանն առնչվող տարաձայնությունների հետ։ Փակ Արցախից տարածվող տարբեր տեղեկությունների համաձայն՝  Ակնայի ճանապարհով առեւտուրը լինելու է «մասնակի»։ Դիտարկվում է, որ այդ ճանապարհով  Արցախ կմտնեն շինանյութ, դիզելվառելիք, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝  ռուս խաղաղապահների միջոցով։

Լաչի՞ն, թե՞ Աղդամ․ այս հարցը սկզբունքային էր անգամ միջազգային պատվիրակությունների այցելությունների ժամանակ, թե որ ճանապարհով պետք է մտնեն Արցախ, հիշենում է միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանը։ «Ազատության» հետ զրույցում նա առանձնացրել է Ակնայի ճանապարհը գործարկելու ամենամեծ վտանգը․

«Ճգնաժամային իրավիճակում, միգուցե, լինի ընդունելի, սակայն, միայն մեկ պայմանով, եթե դա չլինի այլընտրանք Լաչինի ճանապարհին, և եթե այնտեղ չլինի վտանգ, որ այդ ճանապարհը կշահարկվի Ադրբեջանի կողմից, իրենց անվտանգության ուժերը, թեկուզ և ենթադրենք, հումանիտար օգնությանը ուղեկցելու նպատակով, այդ պատրվակով Ստեփանակերտ մտցնելու և այնտեղ արդեն ուժային գործողություններ սկսելու, տեղական ինքնակառավարման մարմինները փորձեն լուծարել, Արցախի ՊԲ–ն փորձեն լուծարել, որովհետև, կարծում եմ, որ եթե անգամ դրա մասին բարձրաձայն չի խոսվում, սակայն, հիմնական մտավախությունը արցախահայության հենց դա է»։ 



Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը իր հերթին մշտապես ընդգծել է Աղդամի ճանապարհի գործարկման վտանգը։ Պնդում է, որ այդ քայլով կփակվի Լաչինի միջանցքի թեման։

«Մենք լրջագույն սպառնալիքներ ենք տեսնում և դրանով էլ պայմանավորված հայտարարում ենք, որ մնիայն ու միայն Լաչինի միջանցքի արգելափակումը ամբողջական վերացնելուց հետո կարելի է խոսել այլընտրանքային ճանապարհների մասին»։ 

Աղդամի ճանապարհը բացելու առաջարկը եղել է նաև «Լավրովի նոր պլանի» մեջ, որը հուլիսի 25–ին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների,  փոխանցվել էր Արցախին։ Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը համոզված է, որ այս քայլով Ռուսաստանը փորձում է ամրանալ իր համար նոր տարածքներում․

«Ռուսաստանը՝ Աղդամի մասին խոսելով թերևս առաջին հերթին նկատի ուներ, որ խաղաղապահ զորախումբն այլևս պետք է սեփական մատակարարումներն իրականացնի Ադրբեջանի տարածքով, ցամաքային ճանապարհով։ Դա ենթադրում է, որ ժամանակի ընթացքում Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ներկայությունը կարող է կրճատվել։ Առայժմ Ռուսաստանը կձգտի երկու տարածքներն էլ պահել իր ռազմական վերահսկողության տակ, բայց այս ճանապարհը գործարկելու միջոցով Ռուսաստանը կարծես իր ռազմական ներկայությունն ավելի կուժեղացնի Ադրբեջանի տարածքում»։

Ստեղծված իրավիճակում կա նաև կարծիք, որ Աղդամի ճանապարհի գործարկումը խախտելու է 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը, որտեղ խոսք անգամ չկա ճանապարհային այդ երթուղու մասին։

Ուղիղ մեկ շաբաթ առաջ Արցախի 30 ՀԿ–ներ և անհատներ հայտարարություն էին տարածել քաղհասարակության անունից, կասկած են հայտնել Ադրբեջանի մտադրությունների անկեղծության առնչությամբ և հայտարարել, որ միամտություն է կարծել, թե Արցախն ութ ամիս դաժան շրջափակման մեջ պահող Ադրբեջանը՝ դանդաղ մահվան դատապարտելով նրա ժողովրդին, հանկարծ տոգորվել է մարդասիրությամբ և որոշել է հումանիտար մուտք ապահովել իր տարածքով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն