13 կուսակցություն և մեկ դաշինք․ այսօրվանից մինչև սեպտեմբերի 15–ը ներառյալ երևանցիները կլսեն մայրաքաղաքի կառավարմանը հավակնող14 քաղաքական ուժերին․ պաշտոնապես մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։  Քաղաքական ուժերից շատերը վաղ առավոտից, մյուսները երեկոյան կունենան առաջին հանդիպումը  երևանցիների հետ ու կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը։ Քաղաքային խնդիրներ, բարեփոխումների խոստումներ, բայց ոչ միայն։ Քարոզարշավի առաջին օրը ցույց է տվել, որ ընտրարշավը կընթանաոչ միայն քաղաքային, այլև քաղաքական բովանդակությամբ։

«Ասե՛ք, կանենք», «Սիրտդ տո՛ւր Երևանիդ» կամ «Վստահի՛ր, հավատա՛, փոխելու ենք» ու «Երևանը քո դեմքով»․ տարբեր կարգախոսներով, տարբեր շեշտադրումներով ու տարբեր վայրերից մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Մի քանիսը բակային հանդիպումներով, հանրահավաքով, մյուսները՝ տեսաուղերձով, դրամահավաքով կամ պարզապես լռությամբ սկսեցին ընտրողներին համոզել սեպտեմբերի 17-ին հենց իրենց անունով քվեաթերթիկը դնել ծրարի մեջ։



Քարոզարշավը մեկնարկում է Հայաստանի համար սիմվոլիկ ու պատմական նշանակություն ունեղող օրը․ այսօր Անկախության հռչակագրի ընդունման օրն է․ այս պատմական ակնարկով ու անկախության հռչակագիրը վերընթերցելով «Ապրելու երկիր» կուսակցությունը սկսեց քարոզարշավը։ Կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ընդգծեց՝ ընտրությունները համահայկական նշանակություն ունեն։

«Երևանի ավագանու ընտրությունները երբեք այսքան քաղաքական չեն եղել, որքան այս անգամ, կամ այսքան համահայկական չեն եղել, որքան այսօր։ Մենք պարտավոր ենք այս գիտակցմամբ գնալ քարոզարշավի ու հորդորել քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։ Ես 45 տարեկան եմ և իմ ամբողջ կենսագրությունը դրել եմ այս ընտրությունների խաղասեղանին, քանի որ գիտեմ՝ ինչքան կարևոր են դրանք»,– ընդգծում է Մանե Թանդիլյանը։



Օրը խորհրդանշական ու պատմական է նաև ընտրություններին մասնակցող միակ դաշինքի՝ «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի համար․ ոչ միայն անկախության հռչակագրի ընդունման, այլ նաև որդուս ծննդյան օրն է՝ ընդգծում է ավագանու թեկնածուն։ «Մայր Հայաստանը» քարոզարշավը հենց Մայր Հայաստանի արձանի մոտից է սկսում։ Անդրանիկ Թևանյանը երևանցիներին հիշեցնում է՝  իրենք ընտրությունների գնում են բացառապես իշխանափոխության համար։

«Մենք գտնում ենք, որ ամբողջական իշխանափոխությամբ հնարավոր կլինի ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, հնարավոր կլինի Երևանը Երևան պահել։ Կոչ ենք անում մեր քաղաքացիներին միանալ մեզ, միանալ մեր ծրագրերին և թույլ չտալ, որ Երևանը «Էրիվան» դառնա։ Մեր կարգախոսն է՝ «Միացի՛ր, որ փոխենք»։

Երևանի ավագանու ընտրություններն առնչվում են ինչպես անվտանգության, այնպես էլ ներքաղաքական ու Արցախի հետ կապված խնդիրներին: Հենց այս հարցերի ու առաջիկա քայլերի մասին խոսելու է հրավիրել նաև «Հանրապետություն» կուսակցությունը ու հանդիպման համար ընտրել Կասկադի վերնամասը։



Այնուամենայնիվ երևանյան քարոզարշավի առաջին օրը նաև քաղաքային խնդիրների արծարծմամբ անցավ։ «Դու կարող ես»․ կեսօրին երևանցիներին հետ հանդիպմանը այս կարգախոսով է ընտրողներին դիմել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանը և հավաստիացրել՝ իշխանությունների հետ չի համագործակցելու, լինելու է իրական ընդդիմություն։

«Մեր ծրագիրը իրատեսական ծրագիր է,մենք չենք խոստանում երևանցիներին երկու հարկանի մետրո, ֆանտաստիկ մեգանախագծեր, քանի որ համարում ենք, որ մեր քաղաքում կան այնպիսի պրիմիտիվ խնդիրներ, որ շատ զարգացած քաղաքներում արդեն լուծված են՝ սկսած աղբահանությունից մինչև ջրամատակարում տրասնպորտ և այլն»,– ասել է Ղուկասյանը։



«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու, գործող ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հասցրեց հանդիպել երևանցիներին, լսել նրանց մտահոգությունները ու զգուշացնել՝ հենց այս տրամաբանությամբ էլ շարունակելու են աշխատել 24 օր շարունակ։

«Լսելու ենք մարդկանց խնդիրները, որոնք տեղային են և առաջարկենք դրանց համակարգային լուծումները։ Ես իմ՝ ավագանու անդամ լինելու տարիներին, հենց նույն սկզբունքով աշխատել եմ, և մենք որոշել ենք, որ քարոզարշավը պետք է օգտոգործենք որպես մարդկանց խնդիրները լսելու միջոց։ Բոլոր ուժերին համարում եմ մեզ մրցակից, բոլորի ծրագրերին ծանոթացել եմ, բայց մեր բնակիչներն են սեպտեմբերի 17-ին գնահատելու, թե ում ծրագրերն են իրատեսական և ում ծրագրերն են իրապես բխում մարդկանց խնդիրներից»,– ասում է Դավիթ Խաժակյանը։

Քաղաքական ուժերից մի քանիսը քարոզարշավը սկսեցին արդեն օրվա ավարտին․ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» առաջադրված կուսակցություններին առողջ ու մրցակցային պայքար է մաղթում ու քարոզարշավը սկսում Երևանի հարավային վարչական շրջանի՝ Նուբարաշենի կենտրոնական զբոսայգուց։ «Ասե՛ք, կանե՛նք»․ իշխող քաղաքական ուժը ընտրությունների է գնում այս կարգախոսով։



«Մարդամոտ քաղաք» լոզունգով, բայց արդեն Աջափնյակ վարչական շրջանում քաղաքացիներին կհանդիպի «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը՝ քննարկելու, ինչպես իրենք են ասում, «Վիկտորի պլանը»։

«Շատ հարցեր կա քննարկելու, թե՛ քաղաքային, թե՛ թաղային, և թե՛ հենց Աջափնյակ վարչական շրջանի վերաբերյալ»։

Աշխատանքային օրվա ավարտին քաղաքացիներին փակ միջավայրում՝ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում, հանդիպման է հրավիրում «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը։ «Վստահի՛ր, հավատա՛, փոխելու ենք»․ այս կոչով է երևանցիներին դիմում արդարության հաղթանակի հետևից գնացող «Արդար Հայաստանը»։



Երևանի ավագանու ընտրությունները հաշվետվություն է «Հայասանի Եվրոպական» կուսակցության համար։ Քաղաքական ուժը քարոզարշավի առաջին օրը չի շտապում ակտիվ լինել, փոխարենը սոցիալական ցանցում հիշեցնում է՝ իրենք քվեաթերթիկում 6-րդն են։ «Ընտրապայքարը կլինի հարձակվողական, բայց ոչ ագրեսիվ» խոստանում է «Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանն ու վստահեցնում՝ ամեն ինչ անելու են Երևանի համաչափ զարգացման համար։

«Կլինեն անպայման բակային հանդիպումներ, քանի որ բնակչությունը ցանկանում է շփվել մեզ հետ, մեզ անգամ խնդրում են այցելել իրենց և շատ հնարավոր է, որ մենք հենց քաղաքի ծայրամասերից սկսենք։ Մեզ համար էական տարբերություն չկա երևանցին բնակվում է ծայրամասում, թե կենտրոնում»։

Քարոզարշավը փակ հանդիպմամբ է սկսել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ։ Թիմի անդամ Հովսեփ Կուբաթյանը «Ռադիոլուրին» փոխանցեց՝ քարոզարշավը դրամահավաքով են սկսել, սակայն առաջիկայում անպայման կունենան նաև բակային հանդիպումներ։ Լուռ են նաև «Ժողովրդավարական համախմբում», «Ուժը հայրենյաց» կուսակցությունները․ վերջինները չեն շտապում հանդիպել քաղաքացիների հետ և առայժմ սոցիալական ցանցերում են պատմում իրենց մասին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն