Գործադիրը հաստատել է Ներդրումների ներգրավման ծրագիրը: Մասնավորապես, ներդրումային քաղաքականության համակարգի կատարելագործմամբ կիրագործվեն հետևյալ նպատակները` ներդրումային միջավայրի բարելավում, ներդրումային արտոնությունների սահմանում, ինստիտուցիոնալ մակարդակում թափանցիկ, արդյունավետ և գործուն համակարգի ստեղծում, ներդրումների խթանման և դյուրինացման մեխանիզմների ներդրում։ Ըստ հիմնավորման՝ ներկայացվել են ներդրումային միջավայրի հիմնախնդիրների լուծման ուղղությունները՝ ներդրումային արտոնությունների տրամադրման միջոցով։ Մասնավորապես՝ առաջնային ներդրումների արտոնության տրամադրման նպատակն է շահառու ձեռնարկությունների ներդրումային նախագծերի զուտ ներկա արժեքը (net present value) ավելացնելը, ներքին շահութաբերության մակարդակը (internal rate of return) բարձրացնելը և ներդրումների հետգնման ժամկետը (payback period) կրճատելը։ Արտոնությունը տրամադրվում է դրամաշնորհի (cash grant) տեսքով կապիտալ ներդրումների 12%-ի չափով։ 

Աշխատատեղերի ստեղծման արտոնության (ԱՍԱ) տրամադրման նպատակն է շահառու ձեռնարկությունների գործառնական ծախսերի կրճատումը՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Արտոնությունը տրամադրվում է դրամաշնորհի (cash grant) տեսքով սահմանված ժամկետում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ընդհանուր մեծության 12%-ի չափով։ Համաձայն ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ի ծրագրի, նախատեսվում է գործազրկությունը իջեցնել մինչև 10%։ Աշխատատեղերի ստեղծման արտոնությունները կարող են գրավիչ պայմաններ հանդիսանալ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանի արտահանելի ծառայությունների ոլորտում ձեռնարկություններ հիմնելու համար։ Ֆինանսատնտեսական մոդելների հիման վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հնարավոր է ստեղծել 3500 նոր աշխատատեղ՝ 6 տարվա հորիզոնում տրամադրելով 8.6 մլն ԱՄՆ դոլար արժեքով ԱՍԱ, ինչի արդյունքում կարող է 10 տարվա հորիզոնում գեներացվել 334 մլն ԱՄՆ դոլար արժեքով աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։

Անձնակազմի վերապատրաստման արտոնության նպատակն է խթանել տեղաբնակ աշխատուժի մասնագիտական որակների կատարելագործումը և նվազեցնել գործատուների գործառնական ծախսերը։ Անձնակազմի վերապատրաստման արտոնությունը տրամադրվում է դրամաշնորհի տեսքով, անձնակազմի վերապատրաստման գծով կատարված ծախսերի չափով, սակայն չի կարող գերազանցել սահմանված ժամկետում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ընդհանուր մեծության 8%-ը, որը վճարվում է նշված ժամկետի ավարտից հետո 3 ամսվա ընթացքում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն