«Սա միակ շանսն է՝ փրկելու մեր հայրենիքը». Տարոն Տոնոյան
Ամեն ինչ պետք է սկսվի Արցախից, սակայն սա դեռ չի նշանակում՝ ինչպես ուզեն, այնպես պետք է լինի, որովհետև Արցախը հայրենիքի անբաժան հատվածն է, որի համար հավասարաչափ պատասխանատու են և՛ արցախցիները, և՛ Հայաստանի այլ հատվածներում ապրող ու աշխարհասփյուռ հայությունը, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց բժիշկ-ազատամարտիկ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը:
«Առհասարակ պարտության ժամանակ շատ դժվար է կոնսոլիդացիա, համախմբում ապահովելը, որովհետև պարտությունից հետո սկսվում է փնտրտուքը մեղավորների, նոր փրկիչների փնտրտուքն է սկսվում։ Եվ մանավանդ, որ մենք սկսեցինք մի այնպիսի շրջան ապրել 2018 թվականից հետո, երբ ծրագրավորված, հստակ գնաց ամեն տեսակ հեղինակությունների, ինստիտուտների վարկաբեկումը։ Հիմա այս մթնոլորտում որևէ մեկի շուրջ համախմբվելը…., չնայած մենք հստակ ոչ միայն կորցնում ենք… ամբողջ աշխարհը համր է, այդպես միշտ է եղել։
Որքան օղակը սեղմվում է, այնքան շատանում են հիասթափված մարդիկ։ Բայց մեր դերակատարությունը, կոնկրետ իմ, իմ ընկերների մասին պիտի ասեմ, որ տեսել ենք 90-ականների ավելի ծանր վիճակը՝ շրջափակման ու սոցիալական իմաստով ավելի ծանր, բայց այն ժամանակ և հիմա մեծ տարբերություն կա, որը վճռական դեր խաղաց, դա տրամադրվածությունն էր և առաջնորդողների այն հոյակապ շքախումբը, որը կարողացավ ժողովրդին առաջնորդել դեպի հաղթանակ՝ ծանր զրկանքներով ու կորուստներով, բայց մենք կարողացանք դա անել։
Ես մտածում եմ, որ հիմա հնարավոր կլինի դա անել՝ կա քայլերի հաջորդականություն, որի դեպքում… մենք այդ պահերը բաց ենք թողել։ Եթե նույնիսկ իմ կուսակցի ընկերը կլիներ պարտվածը, պիտի հորդորեինք, որ պարտված մարդը չպետք է շարունակի բանակցություններ վարել, և նա ոչ միայն դրսում, այլև երկրի ներսում չի կարողանալու ապահովել համախմբում»,- ասաց Տարոն Տոնոյանը։
Բժիշկ-ազատամարտիկը վստահ է, եթե 2020 թվականի պատերազմում պարտություն կրելուց հետո Նիկոլ Փաշինյանը հեռանար, ապա Հայաստանի ու Արցախի շանսերն ավելի մեծ կլինեին՝ աշխարհի կարգն է այդպես։ Եթե նույնիսկ չլիներ պարտություն, այլ, օրինակ, դադարեցնեին հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու ընթացքը և փոխարենը հարձակողական հրթիռներ գնեին, խոսքն ինքնաթիռների մասին է, միայն սա նորմալ երկրի համար բավարար կլիներ, որ մի քանի մարդ դատապարտվեր, իսկ գլխավոր գերագույն հրամանատարը՝ հրաժարական տար։
«Ես ամենափոքր բանն եմ ասում այս ամբողջ խայտառակությունների մեջ, ինչը մենք տեսանք այս տարիների ընթացքում։
Արցախից պետք է սկսվի։ Կոչերով համախմբում չի լինում երբեք, հարկավոր է կոնկրետ քայլերի գնալ։ Տարիներ շարունակ չարչարվել ենք՝ Արցախը ներկայացնել որպես կայացած պետականություն, միավոր, իսկ ինչ-որ մեկը, որին ընդհանրապես ես չեմ ճանաչում, ընդհանրապես չեմ տեսել, Ավգուստո Պինոչետիի նման հայտարարում է, որ ինչ-որ ժամանակ է տալիս, հարձակում է գործում Արցախի ԱԺ-ի վրա։ Այսինքն՝ սա նշանակում է՝ ուղիղ ջուր լցնել թշնամու ջրաղացին։ Եվ դրանով վախեցնում են, հետո իբր հորդորում են, թե՝ միավորվեք մեր նախագահի շուրջ, և այլն, այդպես չի լինում։ Ցավոք, եթե այդպես շարունակվի, էլ լավատես չենք լինելու, բանակը, Դատախազությունը, Ներքին գործերի նախարարությունը սրան պիտի արձագանքեր։ Մինչդեռ, եթե դրան չես արձագանքում, հետկուլիսային «ռազբորկաներով» եք որոշում ինչպես շարժվել, այդպես առաջ չենք գնալու։ Որպես պետություն՝ պիտի հստակ քայլեր ձեռնարկվի։ Հասկանում եմ, դժվար է, բայց եթե սա այսպես շարունակվի՝ դառնալու է անկառավարելի, անդառնալի պրոցես է լինելու, տիպիկ քաոս է դառնալու»,- հավելեց Տարոն Տոնոյանը։
Ըստ նրա, Ադրբեջանը վախեցավ, երբ երկու անգամ Ստեփանակերտում բազմահազարանոց հանրահավաք տեղի ունեցավ, և ամբողջ Արցախն ասաց՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Սա մեր միակ շանսն է՝ փրկելու մեր հայրենիքը, իսկ եթե արդեն սկսում ենք մտածել այլ բաների մասին, նշանակում է տեղ չենք հասնելու։ Երբ Արցախը սկսեց դիմանալ շրջափակմանը՝ սկսեց գործոն դառնալ, սկսեցին Արցախի մասին խոսել, երբ Աղդամով ճանապարհը բացվի, այլևս չեն խոսելու։ Աստիճանաբար կմոռանանք Բերձորի միջանցքի մասին, հետո կսկսենք մոռանալ նաև Արցախի մասին։ Պետք է դիմանա։ Թող որևէ մեկը չկասկածի, որ հավասար իրենց մտատանջվում ենք»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Տարոն Տոնոյանը ցավով փաստեց, որ ամեն ինչ որոշում է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, քանի որ չունի ձևավորված թիմ, որտեղ կոլեգիալ որոշումներ կայացվեն, թիմի անդամներն էլ ձայն չունեն։
«Չեմ կարծում, որ մեծամասնությունը հակառակն է մտածում։ Ես միշտ մեկ օրինակ եմ բերում, երբ երեխան հիվանդանում է, առաջանում է բժշկի հարց, չեն նայում, թե այդ բժիշկն ինչ քաղաքական հայացքներ ունի կամ մազերն ինչ գույնի են, առաջինը հարցնում են, թե նա պրոֆեսիոնալ ինչ մակարդակի վրա է կանգնած։ Հիմա մենք մեր երկիրը հանձնել ենք ոչ պրոֆեսիոնալ թիմի, նայեք ոլորտ առ ոլորտ։ Այս տարիների ընթացքում այս ամենը զավեշտի է հասել, և մենք սկսել ենք որևէ բանի վրա չզարմանալ՝ այն քայլերի, որոնք կատարվում են իշխանության կողմից։
Երևի կոչ պիտի անենք, որ փրկիչներ ման չգան, փրկիչներ չեն լինում։ Իհարկե, պիտի համախմբվել հայրենիքը փրկելու գաղափարի շուրջ։ Հիմա ում խոսեցնում ես, ասում են՝ այո, բոլորս էլ դա ենք ուզում: Ո՞վ չի ուզում իր հայրենիքը փրկի, բայց քայլեր չկան։ Որևէ մեկը չի ուզում՝ իր անձնական զրկանքի գնով, իր զավակին բանակ ուղարկելուց սկսած, սեփական աշխատանքը կորցնելու վտանգով ավարտված, դուրս գալ ու ճշմարտությունն ասել։ Պատմության անիվը նորից կրկնվում է, երբ Թբիլիսիում հարուստների մի զանգված ուրախ քեֆերի մեջ էր, իսկ Սասունում, Ադանայում և այլուր կոտորած էր, հիմա ո՞ւր են Թբիլիսիի հայերը։ Այսպես կորցնելով՝ մենք, թող ներեն մեզ գնչուները, բայց գնչուների բախտին ենք արժանանալու։
Անկեղծ, երբ ասում են՝ պատերազմ կլինի, ես չեմ պատկերացնում, որ պատերազմ կլինի, մեր կողմից պատերազմող չկա, ես դա չեմ տեսնում։ Իսկ հնարավո՞ր է ուժ ցույց տալ՝ իհարկե հնարավոր է»,- շեշտեց Տարոն Տոնոյանը։