Փարիզում կարգելվի էլեկտրական ինքնագլորների վարձույթը
Սեպտեմբերի 1-ից Փարիզում կարգելվի էլեկտրական ինքնագլորների վարձույթը, հայտարարել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն։ Նա որոշումը անվանել է «տեղական ժողովրդավարության հաղթանակ»: Քաղաքային խորհրդի կողմից հրավիրված հանրաքվեի ժամանակ փարիզցիները որոշել են արգելել դրանց օգտագործումը: Այսպիսով, Փարիզը կդառնա եվրոպական առաջին մայրաքաղաքը, որը վարձակալության չի տա էլեկտրական ինքնագլորներ։
Բանն այն է, որ այդ սարքերը վաղուց զգալի խնդիրներ են առաջացրել ինչպես հետիոտների, այնպես էլ մեքենաների համար։ Միայն անցյալ տարի ինքնագլորների պատճառով տուժել է 459 մարդ, 3-ը մահացել են։ Ըստ քաղաքապետարանի՝ նման միջադեպերը տեղի են ունենում ինքնագլորները վարձակալած քաղաքացիների պատճառով: Նրանք հիմնականում անտեսում են ճանապարհային երթևեկության կանոնները, հաճախ քշում են զույգերով և մայթերով, ինչը խստիվ արգելված է, նրանք կայանում են ինքնագլորները ցանկացած վայրում, իսկ երբեմն էլ նետում են Սեն գետը:
Հետևաբար, առաջիկա սահմանափակումները չեն ազդի տրանսպորտային այդ միջոցի սեփականատերերի վրա: