ԵՄ հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա հոկտեմբերին, անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն միությանն Ուկրաինայի ու Մոլդովայի անդամակցության հարցը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով Սլովենիայի Բլեդ քաղաքում XVIII միջազգային ռազմավարական համաժողովի բացմանը։

«ԵՄ հաջորդ գագաթնաժողովում մենք կքննարկենք կառույցին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հարցը։ Նաև ակնկալում եմ, որ օրակարգ կվերադառնան Բոսնիա և Հերցեգովինան ու Վրաստանը»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։ Միշելի խոսքով՝ Եվրամիությունը մինչև 2030 թվականը պետք է պատրաստ լինի ընդլայնմանը։

Նա ընդգծել է, որ ԵՄ հաջորդ բազմամյա բյուջեն (2027 թվականից հետո) պետք է կազմվի՝ հաշվի առնելով համայնքի հնարավոր ընդլայնումը: «Ընդլայնումն այլևս երազանք չէ։ Առաջ շարժվելու ժամանակն է: Այո՛, առջևում շատ աշխատանք կա, դժվար կլինի, երբեմն՝ ցավոտ։ Բայց եթե մենք ուզում ենք, որ մեզ վստահեն, պետք է խոսենք ժամկետների մասին»,- ասել է նա։

ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրներն են Ալբանիան, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան և Չեռնոգորիան:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն