Երբ Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալին տեղեկացրել են ԼՂ հումանիտար բեռ ուղարկելու՝ Ֆրանսիայի նախաձեռնության մասին, Միշել Ռուբիռոլան ամեն ինչ արել է, որ ընդգրկված լինի պատվիրակության կազմում: Այդ մասին Սյունիքի մարզում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ֆրանսիացի պաշտոնյան՝ միաժամանակ նշելով, որ իր առաջին այցն է Հայաստան, թեպետ կուզենար, որ առաջին այցն այսպիսին չլիներ:

«Եթե այս պատվիրակության մեջ և այս օգնության մեջ Մարսելը ներկայացված չլիներ, մենք լուրջ խնդիր կունենայինք: Մարսելը շատ լավ հիշում է բոլոր այն հայորդիներին, որոնց ընդունեց»,- ասաց նա՝ ընդգծելով, որ շատ հայեր են ապրում Մարսելում:

Միշել Ռուբիռոլան միաժամանակ ցանկություն հայտնեց, որ ԼՂ հայերն էլ ապրեն իրենց տանը:

«21-րդ դարում սովամահ անել ինչ-որ ժողովրդի՝ ստիպելու համար լքել իր տունը, անընդունելի է: Որևէ ժողովրդի տառապանք անընդունելի է: Մենք նաև այստեղ ենք՝ պաշտպանելու բոլոր տառապող ժողովուրդներին, որտեղ էլ նրանք գտնվեն»,- ասաց նա՝ հույս հայտնելով որ նախագահ Մակրոնը կարձագանքի իրենց դիմումին և ՄԱԿ-ի ԱԽ-ում կներկայացնի բանաձև:

Նա նաև կոչ արեց, որ այլ երկրներում ևս քաղաքները նման նախաձեռնությամբ հանդես գան, որպեսզի միջազգային հանրությունը արթնանա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն