Անօդաչու սարքերը փոխում են Ուկրաինայում ռազմական գործողությունների պատկերը
Պաշտոնական տվյալներով՝ պատերազմի առաջին ամիսներին անօդաչու թռչող սարքեր արտադրող ուկրաինական ընկերությունների թիվն ավելացել է ավելի քան հինգ անգամ։ Այժմ այդ ոլորտն աննախադեպ բում է ապրում, գրում է Euronews-ը։
Ռազմի դաշտում դրանք դարձել են անփոխարինելի։ Անօդաչու թռչող սարքերն ուկրաինական բանակի թևերն ու աչքերն են, արձանագրում են հակառակորդի տեղաշարժը և ծառայում են հրետանային կրակի ճշգրիտ թիրախավորմանը։
Նրանց օգնությամբ Ուկրաինան ռազմական գործողությունները տեղափոխում է ռուսական տարածք՝ հարվածներ հասցնելով սահմանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող թիրախներին, այդ թվում՝ Ռուսաստանի մայրաքաղաքում։
Անօդաչու սարքերը նաև բժշկական պարագաներ են հասցնում ուկրաինական դիրքերին և օգնում են խաղաղ բնակիչներին տարհանել այն շրջաններից, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում:
Հասկանալով անօդաչու թռչող սարքերի հրատապ անհրաժեշտությունը՝ Ուկրաինայի իշխանությունները գրեթե 1 միլիարդ եվրո են հատկացրել բանակի համար նման սարքեր գնելու և արտադրելու նպատակով։