Արցախյան օրակարգի հարցերը՝ Հայաստանի ԱԺ-ում, բայց անհայտ հեռանկարով
10 օր հետո՝ սեպտեմբերի 12-ին Հայաստանի խորհրդարանը կվերսկսի իր աշխատանքը: Որքան էլ օրենսդիր մարմինը արձակուրդ մեկնելուց առաջ արտահերթ նիստերով փորձեց սպառել բոլոր հրատապ հարցերը, ակնհայտ է, որ խորհրդարանի սպասվող օրակարգում մի շարք հանրային հնչեղություն ունեցող հարցեր են տեղ գտնելու:
Դրանք այս կամ այն կերպ կապված են արցախյան օրակարգի հետ:
ԱԺ նոր նստաշրջանը ենթադրվում է՝ թեժ է լինելու, քանի որ մի շարք աղմկահարույց օրենսդրական նախագծեր պետք է քննարկվեն: Դրանց թվում է «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացրած նախագիծը:
Առաջին անգամ ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստացել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Սահմանադրությունը թույլ է տալիս ստորագրահավաքով անհրաժեշտ ձայներ հավաքել ու օրենքի նախագիծ ներկայացնել ԱԺ։ Նախաձեռնության նպատակն է օրենքով սահմանել, որ ՀՀ պաշտոնապես ներկայացնող անձը, որը Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում և կհրաժարվի Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելուց, կդատապարտվի 10-15 տարվա ազատազրկման։ Թեև «ՀայաՔվե»-ին հաջողվել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար հավաքել անհրաժեշտ ստորագրությունները, խորհրդարանական մեծամասնությունը, կարծես, արդեն որոշում ունի, թե ինչ ընթացք է ունենալու այդ հարցի քննարկումը, եթե այն հասնի ԱԺ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը համոզված է, որ սա նախագիծ է նոր պատերազմի մասին.
«Մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ, և բանակցությունների ժամանակ կողմերին պետք է թողնել ճկունության տեղ: Եթե դիմացի կողմին չես թողնում ճկունության տեղ, ապա դիմացի կողմը ունի երկու տարբերակ. կա՛մ ճանաչում է այն, ինչ դու ուզում ես, կա՛մ պատերազմ է հայտարարում: Հիմա տեսեք՝ ո՞րն է հավանական»:
Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը միացել է «ՀայաՔվե»–ին, բայց լուրջ կասկածներ ունի ԱԺ-ում այդ հարցի քննարկման հաջողության առնչությամբ: Մինչդեռ օրենսդրական նախաձեռնության գաղափարը, ասում է՝ հիմքեր ունի Հայաստանի հիմնարար օրենքներում.
«Դա գրված է հստակ Գերագույն Խորհրդի որոշման մեջ, որը հենց առաջիններից է, որ կայացվել է, նաև Սահմանադրության նախաբանում կա այդ արգելքը: Այսինքն՝ ինչ էլ անեն՝ այդ արգելքը մենք ունենք օրենսդրությամբ: Պարզապես պետք է հետևել Հայաստանի օրենսդրությանը»:
«ՀայաՔվե»-ի նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանի խոսքով՝ իրենք չեն առաջնոդրվելու կանխորոշված քննարկման վարկածով․
«Մենք պետք է աշխատենք ԱԺ բոլոր երեք խմբակցությունների հետ: Ընդդիմադիր խմբակցությունների հետ այդ աշխպատանքը արդեն սկսված է և, բնականաբար, շարունակվելու է ու նոր թափ է հավաքելու, բայց հաջորդ փուլի կարևորագույն խնդիրը լինելու է նաև իշխող խմբակցության հետ աշխատանքը: Շատ են այն մտքերը, թե իշխող խմբակցությունը միևնույնն է՝ դեմ է քվեարկելու: Մենք բոլորովին էլ չենք ելնում այդ կարծրատիպից»:
Ենթադրվում է, որ «ՀայաՔվե»-ի նախագիծը ԱԺ օրակարգ կարող է մտնել սեպտեմբերի կեսին:
Դեպի խորհրդարան ճանապարհին մյուս հարցը «Հռոմի ստատուտ»-ի վավերացումն է, ինչը Հայաստանին թույլ կտա արդեն դիմել նաև Հաագայի քրեական դատարան, տվյալ դեպքում՝ Իլհամ Ալիևի դեմ՝ որպես պատերազմի հանցագործի: Այն բանից հետո, երբ այս տարվա մարտի 24-ին Սահմանադրական դատարանը Մայր օրենքին համապատասխանող ճանաչեց «Հռոմի ստատուտ»-ը, փաստաթուղթը գնաց կառավարություն՝ այնտեղից օրենսդիրին հասցեագրվելու համար: Ըստ վերլուծությունների՝ կառավարության հապաղումը կապված է երկակի իրավիճակի հետ, քանի որ ուկրաինական պատերազմի համատեքստում «Հռոմի ստատուտ»-ի թիրախում է նաև ՌԴ նախագահը: Փաստաթուղթը վավերացնելու դեպքում Հայաստանը պարտավորություններ է ունենալու այդ փաստաթղթի շրջանակներում, իսկ դա, որպես հետևանք, նոր լարվածություն է մտցնելու Հայ-ռուսական հարաբերություններում:
Իրավագետ Արտաշես Խալաթյանի համոզմամբ՝ հատկապես այս փուլում Հայաստանի Հանրապետությանը դա չպետք է կաշկանդի.
««Հռոմի ստատուտ»-ի հարցը մտավ օրակարգ Ռուսաստանի՝ իր պարտավորությունները չկատարելու համատեքստում, որպես որոշակի այլընտրանք և արևմուտքին որոշակի գործիքակազմով օժտելու գործընթաց: Ռուսաստանի այս շարունակվող հռետորաբանության համատեքստում, ես կարծում եմ՝ «Հռոմի ստատուտ»-ի վավերացմանն այլընտրանք չկա, որովհետև նաև Ալիևի գործողությունները՝ խաղաղ բնակչության առևանգումը, Արցախի բնակչությանը սննդից և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներից զրկելը լիովին տեղավորվում է «Հռոմի ստատուտ»-ով նախատեսված մարդկության դեմ ուղղված հանցագործությունների սահմանման մեջ և, ես կարծում եմ, որ Ալիևին՝ միջազգային քրեական հետապնդման ենթարկելը այսօր այն կարևոր միջոցներից կարող է լինել, որը կարող է Ալիևի վարչակարգին զսպել և սահմանափակել նրանց այս հանցավոր գործողությունները»:
Մինչդեռ ԱԺ մեծամասնությունը փորձում է զգուշավոր լինել այս հարցի առնչությամբ՝ առանց հստակ ժամկետներ նշելու: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսպես է ներկայացնում խնդիրը․
«Դուք գիտեք, երբ ՍԴ-ն համապատասխան որոշում է կայացրել, որում Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավական պարտավորությունները համահունչ է ճանաչել ՀՀ Սահմանադրությանը, կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել, իսկ ԱԺ միջազգային պայմանագիրը վավերացնելու օրենքի ներկայացնելը բացառապես կառավարության իրավասության տիրույթում է: Կներկայացվի նախագիծ, նախագիծը կքննարկվի Աժ-ում և համապատասխան որոշում կկայացվի»:
Առանցքային հանդիպումներ են նախատեսվում ոչ միայնԱԺ լիագումար նիստերում, այլև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում: Այստեղ ակնկալում են հեռավար հանդիպում պատերամզի օրերին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած Արայիկ Հարությունյանի և ՊԲ ղեկավարության հետ: Քննիչ հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ՝ նախնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Իսկ թե երբ հնարավոր կլինի կազմակերպել այդ հանդիպումները, դեռ պարզ չէ: Դրանք թերևս կախված են Արցախում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումից: