Վրացական համարներով մեքենաների վարորդները մաքսատուրքի չափով գրավ կվճարեն․ ՊԵԿ–ը առաջարկում է, բայց առայժմ չի պարտադրում
Հայաստանում վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներ շահագործողներն անհանգստացած են․ առիթը Պետեկամուտների կոմիտեի առաջարկն է։ Եթե մինչ այժմ ՀՀ քաղաքացիները հարևան Վրաստանում ավտոմեքենա էին գնում, հետո առանց մաքսազերծելու շահագործում դրանք Հայաստանում, ապա այժմ Պետեկամուտների կոմիտեն նախագիծ է շրջանառում որով առաջարկում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճար, այսպես ասած, գրավ վճարել։ Նախագծին դեմ քաղաքացիներն արդեն խումբ են ձևավորել, մի քանի բողոքի ակցիաներ իրականացրել, նախաձեռնության անդամ Հարություն Ստամբուլցյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է՝ պետությունը պահանջում է մաքսազերծման արժեքի չափով գրավ թողնել դեպոզիտային հաշվին, որը որոշ դեպքերում մինչև անգամ մի քանի միլիոն դրամի կարող է հասնել։
«Տեսեք, օրինակ, իմ մեքենայի դեպքում մաքսազերծումն արժե 5 միլիոն դրամ, եթե ես ունենայի այդ 5 միլիոն դրամը, որը մեզանից պահանջում են գրավ թողնել դեպոզիտային հաշվի վրա, ես հենց հայկական շուկայից էլ մեքենա կգնեի ու չեմ կարծում կլինի մեկը, որ կգնար ու Վրաստանից մեքենա կբերեր»,– ասում է Հարություն Ստամբուլցյանը։
Վրաստանյան շուկայում ավտոմեքենաները անհամեմատ ավելի էժան են։ Ի տարբերություն Հայաստանի, նույն գումարով Վրաստանում կարելի է ավելի նոր ու լավ վիճակում գտնվող մեքենա գնել՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցն ու շեշտում՝ իրենք էլ Վրաստանում գնած ավտոմեքենաները Հայաստանում շահագործելու համար տարեկան մի քանի հարյուր հազար դրամ են վճարում։
«Այո, հայ–վրացական սահմանը հատելիս յուրաքանչյուր վարորդ, կախված իր մեքենայի հզորությունից ու տարեթվից, այդ գինը վճարում է, որպեսի թույլ տան ավտոմեքենան Հայաստանում շահագործել։ Երբ որ ես Վրաստանից իմ մեքենան բերեցի, այդ ժամանակ արդեն այդ վճարվելիք գումարը մաքսային արժեքի 4 տոկոս էր, ես վճարում եմ մոտավորապես 100 հազար դրամ, բայց կան մարդիկ, որ 250-300 հազար դրամ են վճարում տարեկան»։
Պետական կառույցի տվյալներով՝ Հայաստանում վրացական գրանցում ունեցող ավելի քան 10 հազար ավտոմեքենա է շահագործվում։ Կառույցը նախագծի հիմնավորման մեջ շեշտում է՝ վարորդները Վրաստանում ավտոմեքենաների մաքսազերծման ավելի ցածր արժեքի պատճառով Հայաստանում ավտոմեքենաները մաքսազերծելու և գրանցելու փոխարեն, իրենց շարժական գույքը մաքսազերծում և գրանցվում են Վրաստանում, բայց ներմուծում ու տնօրինում են Հայաստանում, ինչի պատճառով, ըստ պետեկամուտների կոմիտեի, տուժում է պետբյուջեն։
«Արդյունքում՝ վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե’ մաքսատուրքերի, թե’ ավելացված արժեքի հարկի, և թե’ գույքահարկի գծով: Դրա փոխարեն ՀՀ-ում շահագործվող ավտոմեքենաների համար վերը նշված գումարները վճարվում են հարևան երկրի պետական բյուջե»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Պետեկամուտների կոմիտեի առաջարկի ընդունման դեպքում՝ վրացական համարներով ավտոմեքենա շահագործողները ստիպված կլինեն մաքսատուրքի և հարկերի չափով գումար վճարել հատուկ դեպոզիտային հաշվին, որը քաղաքացիներին կվերադարձվի ավտոմեքենան դեպի այլ երկրներ վերաարտահանելիս։
Վրացական պետհամարանիշներ ունեցող մեքենաների սեփականատերերը, սակայն, անընդունելի են համարում պետական կառույցի հիմնավորումը, քանի որ, երբ իրենք որոշում էին Վրաստանից մեքենա գնել, նման հեռանկար չկար։
«Ես ուզում եմ հասկանալ այս որոշման իմաստը, եթե այդ գումարը նույնիսկ պետբյուջե չի մտնում, մնում է ինչ–որ դեպոզիտային հաշվի վրա։ Շատ լուրջ խնդիր կա նաև վիրահայերի հետ կապված, եթե Ջավախքի մեր հայրենակիցները երկքաղաքացի են, ապա իրենց էլ է այս որոշումը վերաբերում, իրենք ևս ստիպված են լինելու այդ գումարը վճարել»,– ասում է Հարություն Ստամբուլցյանը։
Եթե որոշումն ընդունվի, շատերը ստիպված կսկսեն վաճառել իրենց ավտոմեքենաները՝ ասում է Հարություն Ստամբուլցյանը։ Վրացական շուկայում էլ «առիթից օգտվելով» կսկսեն էժան գին առաջարկել ավտոմեքենաների համար։
«Այսինքն՝ քաղաքացիները երկու կողմից էլ տուժելու են․ եթե ավտոմեքենան Վրաստանից գնել է օրինակ 10 հազար դոլարով, ստիպված այնտեղ կվաճառի 6 հազարով, քանի որ արդեն չի կարող դա բերել Հայաստան առանց գրավի»։
Նախագծին դեմ արտահայտվող վարորդներն արդեն փաստաբանների են դիմել, նամակ–դիմում են գրել պետեկամուտների կոմիտե։ «Ռադիոլուրի» զրուցակիցն ասում է՝ փորձելու են օրինական բոլոր ճանապարհներն ու մեխանիզմերը օգտագործել նախագծի ընդունումը կանխելու համար։