Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը
«Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:
Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում: