Ինչ են քննարկել անհետ կորածների ծնողները Պապիկյանի հետ․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է 44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողներին: Նշենք, որ 44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողներն օգոստոսի 31-ին բողոքի ակցիա են իրականացրել պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների զորամասի» զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, իսկ մյուս 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդն անհետ կորած են։
Սեպտեմբերի 1-ի հանդիպումից հետո թե՛ անհետ կորածների ծնողները եւ թե՛ ՊՆ-ն լռում են: Ի վերջո` ի՞նչ է խոսել Պապիկյանն անհետ կորածների ծնողների հետ։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հենց ծնողներից: Ծնողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, պատմում է, որ Սուրեն Պապիկյանը, ըստ էության, որեւէ նոր բան չի ասել իրենց: Այդ հանդիպման նորությունն այն է եղել, որ ծնողները Պապիկյանից տեսագրություններ են պահանջել, որով պարզ կդառնա, թե տղաները որ ուղղությամբ են գնացել եւ ինչպես են անհետացել։
«Սպուտնիկով զապիսներ, տեսագրություններ ենք պահանջել: Հասկանանք՝ երեխաներն ինչ են արել, ավտո են նստել, ինչ են արել, գուցե ավտո ա պայթել, գուցե՝ այլ բան: Աշխարհում կան երկրներ, որոնք կարողանում են ուղիղ վիդեո տարբերակով նայել, թե որտեղ ինչ է կատարվում, եւ դա արխիվացվում է: Դրան էլ գումարած` ասեցինք, որ ծառայության հետ կապված շատ դժգոհ ենք, որ հարուստի երեխեքը, չգիտես խի, միշտ քոռ ու թոփալ են: Պապիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կաշխատի այնպես անել, որ այդ տեսագրությունները ձեռք բերվեն»,- նշեց մեր զրուցակիցը:
Մենք զրուցեցինք նաեւ անհետ կորածի ազգական Արսեն Ղուկասյանի հետ, ով մշտապես ներկա է անհետ կորածների ծնողների ակցիաներին: Ղուկասյանն ասաց, որ իշխանությունների անգործության արդյունքում ոչինչ չի արվում՝ անհետ կորածներին գտնելու ուղղությամբ:
Նրա խոսքով` սայլն այնքան ժամանակ տեղից չի շարժվի, քանի դեռ այս իշխանությունները երկրի կառավարման դերը կստանձնեն. «Ոչ մի տեղաշարժ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ այս մարդիկ նստած են իշխանության ղեկին: Իրենք էնքան սխալներ ունեն արած, որ մաքսիմալ փորձում են իրենց արածները պարտակել, որպեսզի շատ բան ջրի երես դուրս չգա, եւ մարդիկ չիմանան, թե իրականում ով ինչ է արել, եւ թե ինչու մինչ օրս չեն հրապարակում զոհերի իրական թվերը, չեն ասում, թե քանի անհետ կորած ունենք: Արդեն երրորդ տարին է լրանում, բայց անհետ կորածների մասով ոչ մի պաշտոնական թիվ չեն հրապարակում: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, նաեւ շատ լավ գիտեն իրենց բացթողումների մասին, սակայն լռում են, որովհետեւ այդ մասին խոսելն իշխանություններին ձեռնտու չէ: Այս ընթացքում ավելի քան 6 արտաշիրիմում է եղել` քննիչի տվյալներով, սակայն ես գիտեմ, որ 6-ից շատ են նման դեպքերը: Այսինքն` սխալ մարդկանց են հուղարկավորել, հետո պարզվել է` սխալ մարդու են թաղել, քանդել են գերեզմանը, դիակները փոխանակել: Մենք կարող ենք կասկածել, որ նման դեպքեր շատ են եղել: Անհետ կորածներից շատերը կարող են տուն վերադառնալ եւ տեսնել, որ գերեզման ունեն: Դա ԴՆԹ անողների փայլուն գիտելիքների արդյունքն է»,- եզրափակեց Արսեն Ղուկասյանը:
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։