Ես հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից. Արայիկ Հարությունյանի հարցազրույցը` CNN-ին
ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել CNN-ին: Հարցազրույցին նա անդրադարձել է իր ֆեյսբուքյան էջում:
«Վերջին շրջանում միջազգային առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Արցախի շրջափակմանը: Այդ շարքում կարևոր տեղ ունի CNN-ի այսօրվա հրապարակումը, որի հեղինակի հարցերին պատասխանել եմ Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականից առաջ:
Պատասխաններիս մի մասը տեղ է գտել նյութի մեջ, որը բավականին համակողմանիորեն ներկայացնում է իրավիճակը՝ և՛ քաղաքական, և՛ հումանիտար տեսանկյուններից:
Իմ հետևյալ շեշտադրումներն են ներկայացվել նյութում.
• «Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը՝ մեր ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու գլխավոր նպատակով».
• «Հաշվի առնելով Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունները և երկարատև հակահայկական ատելության համակարգված պետական քաղաքականությունը՝ մեր ժողովուրդը հիմնավոր մտահոգություն ունի Ադրբեջանից ծագող ցանկացած ապրանքի անվտանգության վերաբերյալ».
• «Ադրբեջանը մարդասիրական օգնություն տրամադրելու փորձեր ձևացնելու փոխարեն պետք է ապարգելափակի Լաչինի միջանցքը».
• «Ես հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից: Եվրոպայի և Ամերիկայի անգործության և ձախողումների հիմքում ընկած պատճառները հիմնականում աշխարհաքաղաքական են, որոնք ներառում են նաև Ադրբեջանից էներգետիկ կախվածությունը»»,- գրել է նա: