Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Մարդկանց անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում է գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ներկայացրել լուսանկար, որտեղ ցույց է տրվում գյուղի տների և ադրբեջանական դիրքերի միջև առկա հեռավորությունը:
«Սա ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրն է, իսկ այս նկարում բնակիչներից մեկի տունն է, ապրում են նաև ընտանիքով և անասնագոմը: Մարդկանց անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է:
Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Այս իրավիճակները հատկապես նկատի ունեմ, երբ ասում եմ, որ նրանց զինված ուժերի ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է (իհարկե, մյուս իրավունքների հետ միասին):
Երեկ մենք հենց այս կոնկրետ հատվածում էինք, երբ արձակվեցին ադրբեջանական կրակոցները:
Ընդ որում, այս մարտական դիրքից են նաև ադրբեջանական կրակոցներ արձակվում և հուլիսի 23-ին հրահրած կրակոցներով էին սպանել բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր կենդանուն»,-ասված է ՄԻՊ գրառման մեջ: