«Վայլդբերրիսին» հավասար դաշտում պահելու համար անցած տարի օրենսդրական նախաձեռնություն ենք արել, բերել, ԱԱՀ-ի դաշտ ենք մտցրել, և այս տարի էլ հետևել ենք, որ պատշաճ կարգով կատարեն իրենց հարկային պարտականությունները: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ընկերության գործունեության մասով ծագած խնդրին:

«Արձանագրել ենք, և ընկերությունը համաձայնել է, որ իր մոտ խնդիր է եղել, և 3,2 միլիարդ դրամ հենց նոր վերականգնել է բյուջե»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը:

Լրագրողը նկատեց՝ տնտեսվարողների բողոքը ԱԱՀ-ի հետ կապված չէ, այլ կիլոգրամով մաքսազերծումը թույլ չտալու: Ի պատասխան դիտարկմանը՝ Բադասյանը հիշեցրեց՝ ՀՀ-ում մաքսազերծումը կատարվում է օրենսդրության համաձայն:

«Տարիներ շարունակ մեր համակարգը եղել է դեֆորմացված: Հիմա ո՞րն է այդ դեֆորմացված համակարգը: Երբ որ ասում եք՝ կիլոյի համար, այդ դեֆորմացիան միանգամից արտացոլվում է, որովհետև կիլոյի համար չէ մաքսազերծումը: Այդ կիլոյով գները, որ եղել են, 1000-ավոր մրցակցային պայմաններ են խախտել, շատ տնտեսվարողներ շուկայից դուրս են մնացել, որովհետև իրենք օրինապահ վարքագիծ են դրսևորել, իսկ մյուսները՝ ոչ օրինապահ: Այսինքն՝ խնդիրն այն է, որ մարդիկ պետք է հասկանան, որ կիլոյով չէ մաքսազերծումը, մաքսազերծումը իրենց ներկայացրած փաստաթղթերի հիման վրա է»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ տնտեսվարողները պետք է ներկայացնեն ձեռք բերած ապրանքի ինվոյսը. «Կլինի դա 13 դոլար կիլոյի համար, եթե հետհաշվարկ անենք, կլինի դա 20 դոլար թե 1 դոլար, եթե այդ ինվոյսը ճիշտ է, իրենք ՊԵԿ-ի հետ խնդիր չունեն: Բայց եթե իրենք պետք է ասեն, որ պետք է բերեն կիլոյով, որովհետև սովոր են եղել կիլոյով, իսկ մյուս տնտեսվարողները պետք է օրենքին համապատասխան մաքսազերծում անեն, այստեղ մենք չենք կարող իրենց օգնել. դա է պարզ իրականությունը»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն