Ադրբեջանում իրականացնում է բազմամիլիարդանոց ներդրումային ծրագրեր. Հակոբ Բադալյան
Ֆրանսիական Տոտալը՝ այդ երկրի էներգետիկ հսկան եւ թերեւս աշխարհաքաղաքականության կարեւորագույն շահառուներից մեկը, Ադրբեջանում իրականացնում է բազմամիլիարդանոց ներդրումային ծրագրեր:
Օրերս, Տոտալի (2021 թվականից՝ Տոտալ Էներջի) ղեկավարը Բաքվում հերթական ծրագրերն էր քննարկում Ալիեւի հետ:
Վա՞տ բան է անում ֆրանսիական հսկան: Մեզ համար իհարկե վատ է Ադրբեջանի հետ այդպիսի ցանկացած գործակցություն: Բայց, լայն իմաստով, ֆրանսիական հսկան անում է ընդամենը այն, ինչ արել, անում, անելու են բրիտանական, ռուսական, ամերիկյան, եւ բոլոր մնացյալ հսկաները: Անում են, որովհետեւ հսկա են, եւ անում են, որպեսզի մնան հսկա: Տոտալը նավթարդյունաբերության ոլորտում չորորդն է աշխարհում:
Պարզապես, երբ օրինակ որեւէ մեկը փորձում է քննել ֆրանսիական մարդասիրական գործողությունների հնարավոր քաղաքական տողատակերն ու շերտերը, առանց ավելորդ հիացմունքի եւ բացականչությունների, մինչ այդ մարդկանց «հավատաքննության» ենթարկելը, պարզապես համեմատեք Կոռնիձորում կանգնած ֆրանսիական բեռնատարների ծավալը գրեթե նույն օրերին՝ Տոտալի նախագահի Բաքվում քննարկած ներդրումային ծրագրերի հետ:
Համեմատել պետք է իհարկե ոչ թե Ֆրանսիայից նեղանալու համար, այլ՝ հետո Ֆրանսիայից Չնեղանալու համար: Որովհետեւ մեր պարզունակության պատասխանատուն կարող ենք լինել միայն մենք, «թզուկի» աշխարհայացքով ու մտահորիզոնով մի ամբողջ հանրային օրգանիզմ ընդամենը դրոշներ թափահարողի կամ այրողի վերածող մեր տնտեսական եւ քաղաքական «հսկաները»:
Ի դեպ, հիշարժան է, որ 2014 թվականի հոկտեմբերին Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում, թռիչքի ժամանակ՝ թռիչքուղու վրա բախվելով սպասարկող մեքենաներից մեկին, վթարվեց Տոտալի նախագահի օդանավը, նախագահը զոհվեց: Քննությունը «պարզեց», որ սպասարկող մեքենայի վարորդը եղել է ոչ սթափ: Անսթափ աշխատակիցը իհարկե ռուսասկան իրականության համար թերեւս օրինաչափ երեւույթ , բայց... ո՞վ գիտե: