Խելացի գյուղատնտեսական կենտրոն՝ Սյունիքում
Սյունիքի մարզում գործող 5 բուհերում տարբեր ծրագրերով արդեն մի քանի ուսուցման և վերապատրաստման կենտրոններ են բացվել։ Հերթականը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի խելացի գյուղատնտեսական կենտրոնի մեքենասարքավորումների կայանի բացումն էր՝ Ճապոնիայի դեսպանատան ֆինանսավորմամբ։ Կայանից օգտվելու են ոչ միայն ուսանողները, այլ նաև Սյունիքի ֆերմերները։
«Շնորհավորում եմ ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ»։
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման հայերենով շնորհավորում է ներկաներին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Սիսիանի մասնաճյուղի խելացի գյուղատնտեսական կենտրոնի մեքենասարքավորումների ուսումնական և վերապատրաստման կայանի բացման առիթով։ Կայանի կառուցումը ֆինանսավորել է Ճապոնիայի դեսպանատունը։ Ծրագիրը սկսվել է 2021թ․ հոկտեմբերից։ Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղին պատկանող 1,5 հա հողատարածքի վրա կառուցվել է 203 քառ․ մետր ընդհանուր մակերեսով շինություն՝ գյուղտեխնիկայի նորոգման, տեխնիկական սպասարկման, կայանման, պահեստամասերի պահպանման հնարավորություններով ու գրասենյակներով։ Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Գագիկ Խաչատրյան․
«Արդեն ավարտել ենք մեքենատրակտորային կայանի, խելացի անասնագոմի, ինտենսիվ այգու և առաջին ջերմատան շինարարական աշխատանքները։ Շարունակվում են մյուս ենթակառույցների նախագծման և նախապատրաստական աշխատանքները Այս կենտրոնը նորություն է գյուղատնտեսական մասնագիտությունների պատրաստման ոլորտում ոչ միայն մեր մարզում, այլև ողջ հանրապետությունում»
Կայանը նպաստելու է ագրարային համալսարանի 250 ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը, գործող մեխանիզատորների վերապատրաստմանը, ինչպես նաև մարզի ֆերմերներին անհրաժեշտ գյուղատնտեսական ծառայությունների մատուցելով, պատասխանատուները հույս ունեն, որ կայանը կնպաստի համայնքի ու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզում գյուղատնտեսական ոլորտի զարգացումը օրակարգային և հրատապ խնդիր է համարում ու նշում՝ խնդրի լուծումն առանց որակյալ մասնագետների պատկերացնել հնարավոր չէ։
«Մենք բոլորս հասկանում ենք, որ ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտը շատ մեծ պոտենցիալ ունի զարգանալու, բայց պրոցեսները ոչ միշտ և ոչ բոլոր տեղերում են ընթանում այն տեմպով, այն որակով, այն արագությամբ, որը որ ցանկալի է։ Մենք ունենք օրինակներ տարբեր տեղերում, թե ինչպես կարելի է գյուղատնտեսությունը դիտարկել նաև բիզնես տեսանկյունից կարևոր օղակ, բայց ավանդական գյուղատնտեսական վարման ձևը դեռ բավականին խոչընդոտներ է առաջացնում մեզ համար։ Բայց ամենամեծ խնդիրը, որին բախվում ենք, մասնագիտական ունակությունները, հմտություններն ու գիտելիքներն են։ Այս առումով ծրագրի կարևորությունը գերագնահատել չենք կարող»։
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման առաջին անգամ չէ Սյունիքում և առաջին անգամ չէ, որ ասելիքը Հայաստանի պետական լեզվով է ներկայացնում։
«Ուրախ եմ հայտարարել որ Մարդկային անվտանգության ապահովման ծրագրի շրջանակում դրամաշնորհային օժանդակություն է տրամադրվել ՀԱԱՀ-ին, ինչն օգնելու է բարելավել գյուղատնտեսության արտադրողականությունը՝ ավելացնելով ավելի քան 250 ֆերմերների եկամտաբերությունը, ինչպես նաև նպաստելու է գյուղատնտեսական կրթության որակի բարելավմանը Սյունիքի մարզում։ Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է, և այս ծրագիրը նպաստելու է Հայաստանում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը»։
Գորիսի համալսարանի ռեկտոր, Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի նախկին տնօրեն Տիգրան Վանդունցը խոստովանում է՝ 2021թ․–ին, երբ քննարկում էին գաղափարը, մի փոքր անհավանական էր թվում, որ այն իրականություն կդառնա։ Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, շարունակելով գործընկերոջը, հիշեցնում է՝ կենտրոնի կառուցումը դժվար փուլերով անցավ՝ համավարակ, պատերազմ, տեխնիկական խնդիրներ։
«Իրոք, մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրում, սակայն համառորեն շարժվելու ենք առաջ, համառորեն զարգացնելու ենք մեր գյուղատնտեսությունը, համառորեն ամրացնելու ենք մեր երկիրը։ Նման ծրագրերով է, որ մենք հզորանալու ենք, ուժեղանալու ենք։ Սա մենք համարում ենք ներդրում մեր երկրի ապագայի համար։ Այստեղ վերապատրաստվելու, կրթվելու են ուսանողներ, ինչպես նաև ֆերմերներ, այստեղ գործածվող նորարարական տեխնոլոգիաները տարածելու ենք ամբողջ մարզում, ինչու չէ, նաև հարակից մարզերում»։