ԱԺ-ն քննարկել է «ՀՀ կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը:

Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության տրամադրումը, տեղեկությունների փոխանակման եւ պահպանման հետ կապված հարաբերությունները:

Այս մասին սեպտեմբերի 11-ին կայացած ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի զեկուցման ընթացքում:

Ըստ զեկուցողի՝ համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու ՀՀ եւ Չեխիայի Հանրապետությունների ՊՆ-ները:

«Համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների հետ, ինչպես նաեւ ՍԴ կողմից ճանաչվել է սահմանադրության պահանջներին համապատասխանող»,- ասել է ՊՆ փոխնախարարն ու խնդրել պատեհ պահի կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Հարակից զեկույցով հանդես է եկել Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը: Նա հայտնել է, որ նախագիծը քննարկվել է համապատասխան հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն