Հայաստանի ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանը դիտավորյալ է տապալել ռուսական հումանիտար օգնությունը Արցախ հասցնելու գործընթացը՝ դրանով հիմքեր նախապատրաստելով Արցախի, զուգահեռ նաև Հայաստանի նկատմամբ ագրեսիայի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբրահամյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

 «Ռուսական կողմից ներկայացված վերջին տարբերակը եղած տարբերակներից եղել է ամենակոմպրոմիսայինը: Դա ոչ թե ենթադրում էր ադրբեջանական «Կարմիր մահիկ»-ի, ադրբեջանական հումանիտար բեռի, այլ ռուսական Կարմիր Խաչի միջոցով Ակնայի ուղղությամբ մեկ սիմվոլիկ բեռնատարի մուտք, դրանից հետո՝ Լաչինի միջանցքի երթևեկության վերականգնում: Երթևեկության վերականգնումն այս փուլում չէր ենթադրում երկկողմանի ազատ տեղաշարժի իրականացում, ինչն ունեցել ենք մինչև ապրիլի 23-ը, երբ ադրբեջանական անցակետ տեղադրված չէր, այլ վերաբերում էր ռուսական խաղաղապահների կողմից Գորիսից Ստեփանակերտի բեռների տեղափոխությանը: Առաջարկը ներկայացվել է որպես նաև Ադրբեջանի կողմից համաձայնեցված տարբերակ: Բայց ավելի ուշ Ադրբեջանը փաստացի անհամաձայնություն է հայտնել այդ առաջարկի վերաբերյալ, ներկայացրել նոր պահանջներ, այն է՝ միայն Աղդամի ճանապարհի բացում և ռուսական ուղեբեռից բացի, նաև ադրբեջանական «Կարմիր մահիկ»-ի բեռնատարների մուտք դեպի Արցախի Հանրապետության տարածք: Սա, իհարկե, ընդունելի չի եղել Արցախի իշխանությունների կողմից, այդ մասին տեղեկացվել է ռուսական կողմը»,-ասաց Աբրահամյանը՝ այս փուլում այդ գործընթացը ձախողված համարելով:

Պատգամավոր դժվարացավ ասել, թե արդյոք այդ առաջարկի հետ կապված նոր զարգացումներ կլինեն, թե ոչ: Ըստ նրա՝ Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու, բայց կան կոնկրետ սկզբունքներ, որոնք որևէ պայմանում չեն խախտվելու:

Խոսելով պատճառներից՝ Աբրահամյանը չբացառեց, որ սրանում կա նաև աշխարհաքաղաքական որոշակի ազդեցություն: Սա եղել  է ռուսական առաջարկը: Եվ պատգամավորը չի բացառվում, որ Թուրքիան կամ այլ դերակատարներ՝ Թուրքիայի միջոցով, փորձել են տապալել այդ գործընթացն Արցախում՝ հաշվի առնելով, որ կան տարբեր առաջարկներ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից ևս:

«Երկրորդ հանգամանքն այն է, որ, իմ տպավորությամբ, Ադրբեջանը փորձում է տապալել այս գործընթացը, դրանով հիմքեր նախապատրաստել Արցախի, զուգահեռ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի համար: Իհարկե, Ադրբեջանին չհաջողվեց ցույց տալ, թե այս իրավիճակում բանակցային գործընթացը տապալողն Արցախի իշխանություններն են: Բոլոր դերակատարների համար հստակ է, նաև եղան հայտարարություններ, որ իրականության մեջ Ադրբեջանն է հետ կանգնել նախապես պայմանավորված այդ առաջարկից և հետագայում ստեղծել է պայմաններ, որոնց Արցախի իշխանությունները չէին կարող իրենց համաձայնությունը տալ»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ այս պահին Արցախում հումանիտար իրավիճակը ծայրահեղ փուլում է, մոտենում է պիկին:

Արցախից սեպտեմբերի 9-ին հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել էին թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը: Միաժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Սակայն որոշ ժամանակ անց լուրեր տարածվեցին, որ ռուսական առաջարկի իրականցումը տապալվել է Ադրբեջանի դիրքորոշումների պատճառով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն