ՊԵԿ-ն օրենսդրական նախաձեռնություն է մշակում, համաձայն որի՝ վրացական պետհամարանիշով մեքենաների մաքսազերծման մասով փոփոխություններ են նախատեսվում: Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, նշեց, որ խոսքը վրացական պետհամարանիշ ունեցող այն ավտոմեքենաների մասին է, որոնք գնվել են Վրաստանից, ժամանակավոր ներմուծվել են Հայաստան և իրավունք ունեն ՀՀ-ում գտնվել մինչև 1 տարի ժամկետով:

«Մեր իրականությունը հետևյալն է, որ անցնում է 365 օրը, և այդ մեքենաները շարունակում են մնալ ՀՀ-ում, հետևաբար Կառավարությունը քննարկում է հարցի լուծման մի շարք տարբերակներ: Այս պահին, ըստ էության, վերջնական վերամշակված կամ հասարակությանը ներկայացվելիք առաջարկություն չկա»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մտահոգություն հայտնեց, թե փոփոխությունների դեպքում Վրաստանից գնված մեքենաները հենց Վրաստանում հնարավոր է, որ վաճառվեն կես գնով:

ՊԵԿ նախագահի տեղակալը չառարկեց, որ կա նման մտահոգություն, սակայն նաև նշեց, որ հարցը քննարկման կարիք ունի. «Ինչ ենք մենք իրականում իրականացնում. ներմուծվում են մեքենաներ, որոնց համար գույքահարկը ՀՀ-ում չի վճարվում, բնապահպանական հարկը ՀՀ-ում չի վճարվում, այդ մեքենաների համար ընդամենը ներկայացվում է ապահովագրական ծածկույթի տեսքով վճարում, և մեքենաները շարունակում են վարել ՀՀ-ում:

Իհարկե, այս վիճակը ևս լրջություն ունի և կարգավորման կարիք ունի»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն