Ռուսաստանը հույս ունի, որ մոտ ժամանակներս Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը երկու ուղղություններից կանոնավոր կերպով կստանա հումանիտար օգնություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ հուլիսի 25-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում հանդիպման ընթացքում մշակել են Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեման։

«Հաշվի առնելով դիրքորոշումների զգալի տարբերությունը և փոխադարձ անվստահության բարձր մակարդակը՝ այս աշխատանքը հեշտ չի ընթացել։ Որպես առաջին քայլ՝ սեպտեմբերի 12-ին «Ռուսաստանյան Կարմիր Խաչ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության միջոցով տարածաշրջան հասցվեց մարդասիրական օգնության խմբաքանակ։ Լեռնային Ղարաբաղի՝ օգնության կարիք ունեցող բնակիչներին է փոխանցվել շուրջ 15 տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ։ Ակնկալում ենք, որ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված փոխըմբռնումը՝ մոտ ապագայում Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, որից հետո երկու ուղղություններով էլ կանոնավոր կերպով հումանիտար օգնություն կմտնի տարածաշրջան», - ասել է Զախարովան։

Նա հույս է հայտնել, որ այս կերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա, և տեղի բնակչության բնականոն գործունեությունը կվերականգնվի։

«Սա իր հերթին պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար», - եզրափակել է պաշտոնյան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն