Եթե ձեզ հաջողվել է մարտի 1-ին արյունով գալ ու հաջողվելու է 2-րդ անգամ էլ, մեծ հիասթափություն է սպասվում. Ալեքսանյան
«Երեկ ԱԺ «Պու» խմբակցության ղեկավարը հայտնել է, որ չի բացառում, որ Երևանում արյամբ իշխանություն է փոխվելու: Հերթական անգամ ընդդիմությունը համադրելով կամ համատեղելով իր ջանքերը, իր արյունռուշտ կոչերը այն փաստի հետ, որ կա որոշակի լարվածություն սահմաններին, կա ադրբեջանական զորքերի կուտակումներ սահմաններին անում է նմանատիպ հայտարարություններ»:
Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսնյանը:
Վերջինս դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանին ասաց. «Պարոն Մամիջանյան հետո էլ այստեղից հայտարարեցիք, որ երբ կանչը հնչի կգա գործելու ժամանակը: Ես կխնդրեմ այդքան պաթոսով չարտահայտվել և «Վայբեր»-ի նամակները կանչ չանվանել, որովհետև բոլորս էլ գիտենք, թե այդ ձեր կանչ կոչվածը ինչի հետ եք, և ես վստահ եմ, որ մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունն անգամ գիտի, թե աշխարհագրական որ կետից եք այդ կանչեը ստանում»:
Վահագն Ալեքսանյանն ասաց՝ այդ ձեր կանչերն ու նամակները պահեք միայն սեփական ընթերցանության համար:
«Այստեղ ո՛չ ձեր կանչերից վախեցող կա, ո՛չ ձեր արյունռուշտ կոչերից վախեցող կա, ո՛չ էլ առհասարակ ձեզանից վախեցող կա: Եթե ձեզ թվում է, որ ձեր քաղաքական ուժի նախագահին հաջողվել է մարտի 1-ին արյուն թափելով իշխանության գալ, ու դա ձեզ երբևէ հաջողվելու է երկրորդ անգամ, ապա ձեզ մեծ, շա՜տ մեծ հիասթափություն է սպասվում: Այս ելույթը կարող եք թարգմանել ու «Վայբեր»-ով հետ ուղարկել»,- ասաց Ալեքսանյանը: