Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն, այս տարվա սեպտեմբերի 1-ի հայտարարության մեջ ուրվագծված տարրերին և առաջարկներին համահունչ, շարունակել է սերտորեն ներգրավված լինել այդ մոտեցումների առաջմղմանը՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակին. Շառլ Միշելի գրասենյակն անդրադարձել է Աղդամ-Ասկերան ճանապարհով ռուսական Կարմիր խաչի մեքենայի մուտքին Ստեփանակերտ, Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության անհրաժեշտության թեմային: Նշվում է, որ նախագահ Միշելը հեռախոսազրույցների ժամանակ ինտենսիվ շփումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև Նյու Դելիում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

 «Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ Շառլ Միշելի գրասենյակի և Տոյվո Կլաարի ամենօրյա ջանքերն ուղղված են լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերի համար հումանիտար հասանելիության ապահովմանը: Այս համատեքստում մենք կարևորում ենք ռուսական մարդասիրական օգնության մատակարարումը Աղդամ-Ասկերան երթուղով։ Հասկանում ենք այս գործընթացի ամբողջ զգայունությունը. մեր ակնկալիքն է, որ դա խթան ստեղծի տեղի բնակչությանը մարդասիրական կանոնավոր մատակարարումների վերսկսման համար: Աղդամ-Ասկերան երթուղու բացումը պետք է նպաստի Լաչինի միջանցքի վերաբացմանը»,- նշված է հայտարարությունում:

Ըստ ԵՄ խորհրդի նախագահի խոսնակի՝ իրավիճակը տեղում արագորեն վատթարանում է, ուստի կարևոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ «Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու, որ ինչպես Լաչին, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղին օգտագործվեն: Այս ծանր իրավիճակը չափազանց երկար է տևել. այժմ կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը՝ նաև աշնան և ձմռան սեզոններին ընդառաջ: Մենք վերահաստատում ենք մեր խոր համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկին պայմանավորվածությունների և Արդարադատության միջազգային դատարանի որոշման, և ընդգծում ենք մեր հավատը մատակարարման այլ ուղիների օգտակարության վերաբերյալ՝ ի շահ տեղի բնակչության»,- նշված է հայտարարության մեջ:

Եվրամիությունից հույս են հայտնել, որ այս զարգացումներին առաջիկա օրերին և շաբաթներին կհետևեն ավելի կոնկրետ քայլեր՝ կապված նաև Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության, հաշտեցման ջանքերի և ընդհանուր հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն