ԱՄՆ ուղերձը պետք է միանշանակ լինի՝ դադարեցնել սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ. Մենենդես
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մանրամասն ներկայացրել է հումանիտար իրավիճակը պաշարված Լեռնային Ղարաբաղում:
«Ամիսներ շարունակ Ադրբեջանն արգելափակում է Հայաստանի համար Լաչինի միջանցքի հասանելիությունը՝ թույլ չտալով մարդասիրական աջակցության մուտքը հայկական այս համայնքին, որը սովի է մատնված»,- նշել է սենատորը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ Աղդամի ճանապարհով ռուսական մեկ բեռնատարով հասցված մարդասիրական օգնությանը՝ Մենենդեսը հիշեցրել է, որ նախկինում օրական 120 բեռնատար է մուտք գործել ԼՂ: Նա Ադրբեջանի գործողությունները որակել է «էթնիկ զտում», նշել՝ Ալիևի նպատակը ղարաբաղցիների հնազանդեցումն է կամ նրանց սովամահ անելը: Սենատի հանձնաժողովի նախագահը մեջբերել է ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի այն միտքը, որ սովի մատնումը ցեղասպանության անտեսանելի զենքն է:
Մենենդեսը զգուշացրել է նաև, որ Ադրբեջանը սահմանին մեծաքանակ ուժեր է կուտակում: Նրա խոսքով՝ ժամանակը սուղ է. գործելու համար ընդամենը մի քանի շաբաթ ժամանակ կա:
«Բարձր մակարդակով մեր ուղերձը պետք է միանշանակ լինի. այն է՝ դադարեցնել շրջափակումը, դադարեցնել սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, դադարեցնել սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, անմիջապես բացել Լաչինի միջանցքը, պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները»,- ասել է սենատորը:
Նա տվյալ իրավիճակում Ռուսաստանին անվանել է «անհուսալի և անկարող գործընկեր, խաղաղության և անվտանգության համար խոչընդոտ»:
Մենենդեսը հավաստիացրել է, որ իր բոլոր լծակներով ջանքեր կգործադրի՝ ստիպելու ԱՄՆ պետքարտուղարությանը գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակի հաղթահարման համար: