«Արծիվ գործընկեր» զորավարժության հիմքում հայ-ամերիկյան երկարամյա անվտանգային համագործակցությունն է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Երևանում ողջունում է 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնին և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսին, ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ, նշվում է, որ գեներալ-մայոր Անդերսոնը և բրիգադային գեներալ Էլիսը դեսպան Քվինի հետ միասին «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել են «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքը։
«Արծիվ գործընկերը» խաղաղապահների համար նախատեսված զորավարժություն է, որն ընթանում է Հայաստանում ս․թ․ սեպտեմբերի 11-ից 20-ը։ Վարժանքին մասնակցում են մոտ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։
««Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանի հետ մեր երկարամյա փոխգործակցության վկայությունն է, որի հիմքում անվտանգային և խաղաղապահ ոլորտներում համագործակցությունն է, որն առավելապես դրսևորվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի (նախարարության) Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի հետ Հայաստանի ձևավորած ամուր հարաբերությունների միջոցով», — նշել է դեսպան Քվինը։
«Հայաստանի հետ մենք բազմակողմ համագործակցային կապեր ունենք։ Միացյալ Նահանգները հետևողական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի զինված ուժերին, հատկապես կարողությունների զարգացման ասպարեզում այնպիսի կարևորագույն ուղղություններում, ինչպիսիք են զանգվածային բնաջնջման զենքերի չտարածումն ու խաղաղապահ գործունեությունը»,- ասել է գեներալ-մայոր Անդերսոնը։
Զորավարժությունը նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի պատրաստվածությունը այս տարի ավելի ուշ նախատեսվող ՆԱՏՕ/ ԳհԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» պլանային գնահատման համար։