Քպականներն էլ են սկսել իրենք իրենց չհանդուրժել. Փաշինյանը ոչ մեկին չի վստահում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում, այսպես կոչված, «թիկունքից խփելու» մասին: Քաղաքագետների ու հոգեբանների կարծիքով, դա ինքնին խոսում է ներքին վախերի ու անխտիր բոլորին կասկածելու մասին: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը գնալով ավելի ծայրահեղ երանգներ է ստանում. Փաշինյանն արդեն սկսել է ոչ միայն չվստահել սեփական թիմակիցներին, այլ բոլորի գործողություններում կասկածելի ու դավադիր տարրեր է նկատում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային և տարածքային մի քանի պատասխանատուներ ազատվել են իրենց զբաղեցրած կուսակցական պաշտոնից, նրանցից մի քանիսը նույնիսկ հեռացվել են կուսակցությունից։
Պատճառն այն է, որ նրանք «մի թեթև» հայրենասիրություն են դրսևորել և հանդգնել մասնավոր զրույցներում և նեղ շրջապատում դժգոհել Փաշինյանի հակաարցախյան քաղաքականության, Լաչինի միջանցքի հետ կապված կրավորական կեցվածք ունենալու և նմանօրինակ մի քանի դրվագների վերաբերյալ։ Թերթին հայտնի է դարձել, որ հիշյալ «ըմբոստները» կանչվել են Երևան. բոլորի հետ հատ-հատ առանձնազրույց են ունեցել, կշտամբել և ազատել զբաղեցրած պաշտոնից։ Ընդհանրապես, ստացվող տեղեկությունների համաձայն, ՔՊ-ի կառույցներում բավական անառողջ մթնոլորտ է, քպականներն արդեն իրար են «վրաերթի» ենթարկում, ընդ որում՝ ոչ միայն ներքին կարգով, իրար «տակ փորելով», այլև բացահայտ:
Օրինակ՝ օրերս սոցցանցերում Սյունիքի քպական մարզպետին անարգանքի սյունին էր գամել ՔՊ-ի Մեղրու կառույցի ղեկավարը, ընդ որում՝ բավականին կոպիտ, վիրավորական տոնայնությամբ ու մեղադրանքներով: Ու սա միակ դեպքը չէ. քպականներն էլ են սկսել իրենք իրենց չհանդուրժել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում