Հայաստանի և Հարավային Կորեայի միջև բեռնափոխադրումային կապուղին երկար է, բայց կողմերը քայլեր են ձեռնարկում առևտրաշրջանածության ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Վերականգնվող էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, դեղագործություն. հարավկորեական 10 խոշոր ընկերություններ փորձում են Հայաստանում գործընկեր գտնել: Երևանում կայացել է «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ֆորումը»:

Հայկական կողմից՝ մոլիբդեն ու բազալտի մանրաթել, կորեական կողմից՝ արևային էներգետիկայում կիրառվող սարքավորումներ. սրանք են հայ-հարավկորեական փոխադարձ հետաքրքրությունները՝ մեկ համաժողովի համատեքստում դիտարկելիս:

Երևանում կայացավ «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ֆորում 2023»-ը: Կազմակերպիչները Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն ու «Կորեայի առևտրի և ներդրումների խթանման գործակալությունը»՝ KOTRA-ն են:

Գործակալության մոսկովյան գրասենյակի նախագահ Կիմ Սոն Սուն մանրամասնում է՝ Հայաստան են եկել 10 խոշոր կորեկան ընկերությունների մոսկովյան մասնաճյուղերի պատասխանատուներ․

«Ընկերությունները հետաքրքրված են ոչ միայն վաճառքներով, այլև ներդրումների միջոցով բիզնես կապերի ստեղծմամբ: Կան կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են հայաստանյան օգտակար հանածոներով, կան ընկերություններ, որոնք չեն բացառում համատեղ արտադրություններ հիմնելը: Գիտենք, որ Հայաստանը դիտարկում է նոր ատոմային էլեկտրակայանի շինարարության հարցը, ուստի կփորձենք նաև այդ մասով համագործակցության եզրեր գտնել»:



Կորեայից Հայաստանը ներմուծում է ավտոմեքենաներ, բժշկական սարքավորումներ, կոսմետիկա, իսկ այստեղից արտահանում հիմնականում օգտակար հանածոներ: Կիմ Սոն Սունին հարցնում եմ՝ ի՞նչ պետք է անել, որ փոխադարձ առևտրաշրջանառությունն ավելանա․

«Հարկավոր է, որ փոխադարձ բիզնես այցերը հաճախակի դառնան: 2 երկրները բավականին հեռու են իրարից, բայց եթե ավելանա արտահանում-ներմուծում ծավալը, կապը կարելի է ապահովել հյուսիսով՝ Ռուսաստան-Սև Ծով-Վրաստան-Հայաստան ուղիով, կամ էլ հարավով՝ օվկիանոսային ճանապարհով մինչև Իրան և այնտեղից էլ Հայաստան»:

Հանարահայտ LG կորպորացիայի մասը կազմող LG Chemical ընկերությունը որակային առումով տարբերվող արտադրանք է առաջարկում հայաստանյան կողմին: Դեղագործությունից մինչև արևային էներգետիկա՝  նոր լուծումներ կարող են առաջարկել՝ մանրամասնում է LG Chemical-ի մոսկովյան գրասենյակի ներկայացուցիչ Դե Չուր Կան․

-Մեզ մոտ արևային էներգետիկայում օգտագործվող սարք-սարքավորումներ հիմնականում ներկրվում է Չինաստանից, ինչո՞ւ պետք է չինացի մատակարարների փոխարեն նախընտրենք հարավկորեացի մատակարարներին:

-Չինական արտադրանքը հաճախ պատրաստվում է հենց մեր սարքավորումների ու կցամասերի հիման վրա: Ուստի մենք կարող ենք ուղիղ մատակարարումներ իրականացնել: Հայերը կարող են դառնալ գործընկեր, ինչպես չինացիները: Պատրաստ ենք բիզնեսը զարգացնել հենց «ներքևից», որպեսզի ներմուծեք անհրաժեշտ բաղադրիչներ և հավաքման գործընթացը կազմակերպեք հենց Հայաստանում:

Hyosun կորպորացիայի հետաքրքրության շրջանակներում է հայաստանյան ծագմամբ հումքը: Հետխորհրդային երկրների հետ կապերի պատասխանատու, կորպորացիայի մոսկովյան գրասենյակի փոխկառավարիչ Քի Բեր Լին խոստովանում է՝ կորեական արդյունաբերական հսկայի համար 3 մլն բնակչությամբ հայկական շուկան մեծ չէ, ուստի վաճառքի փոխարեն նախընտրում են գնումը․



«Մենք Հայաստանից գնում ենք մոլիբդեն, այսօր էլ քննարկեցինք բազալտի մանրաթել ձեռք բերելու հեռանկարները: Հետաքրքված ենք նաև ոսկու, պղնձի և այլ տեսակի հանքանյութերով: Հայաստանյան հանքարդյունաբերական ընկերություններից մեկի հետ նախորդ ամիս կնքել ենք տարեկան 6000 տոննա մոլիբդեն գնելու պայամանագիր: Միջին հաշվով մոլիբդենի 1 մետրիկական տոննան արժե 20 հազար դոլար, ուստի մեր տարեկան գնումը կլինի առնվազն 120 մլն դոլարի չափով»:

Կորպորացիայի ներկայացուցչի խոսքով՝ գլխամասային գրասենյակը գոհ է հայկական հանքանյութի որակից ու գնից: Բեռնափոխադրման համար օգտագործում են Փոթի նավահանգիստը, այնտեղից էլ հումքը տանում են Հարավային Կորեա: Հանքանյութի արժեքը համեմատական կարգով ձեռնտու է, ինչը չի կարելի ասել լոգիստիկ ծախսերի մասին: Բայց նույնիսկ բարձր ծախսերի դեպքում իրենց ավելի ձեռնատու է մոլիբդեն գնել Հայաստանից, քան, օրինակ, Լատինական Ամերիկայից:

Էկոնոմիկայի նախարարության խորհրդական Նարե Հարոյանը հավատում է, որ «բիզնեսը բիզնեսի հետ»՝ B2B ձևաչափով հանդիպումների արդյունքում հայ-հարավկորեական փոխադարձ առևտրի ծավալը կավելանա:



-Օրեր առաջ կառավարությունը որոշում կայացրեց, որ պետք է խորացնել հայ-հարավկորեական տնտեսական հարաբերությունները, որ լինեն համատեղ հանդիպումներ 2 տարվա ընթացքում ոչ պակաս, քան 1 անգամ, այս միջոցառումը ենթադրում եմ՝ այդ որոշման շարունակությու՞նն է:

— KOTRA-ի հետ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությունն արդեն 2 տարվա պատմություն ունի, և այո, բնականաբար, շարունակական բնույթ կկրի և ի լրումն կլինի այն որոշման, որի մասին նշում եք:

Կորեական կողմի դիտարկմամբ՝ 1992 թվականին, երբ Հայաստանի հետ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, 2 երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 420 հազար դոլար: 2022 թվականին այդ ցուցանիշը հասել է 63 մլն դոլարի: Իսկ անցած 3 տարում առևտրաշրջանառությունն աճել է 45%–ով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն