Անկախ Դիտորդը՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ
«Անկախ դիտորդը» մոտ 170 անկախ դիտոդների հետ դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլում և քվեարկության օրը:
Ընտրությունների նախնական արդյունքներով մայրաքաղաքի ավագանի է անցել 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը:
Մեթոդաբանություն
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Երևանի բոլոր վարչական շրջաններում քաղաքական ուժերի քարոզչությանը հետևել են առաքելության 11 երկարաժամկետ դիտորդները:
Քվեարկության օրը առավոտյան 07:00-ից մինչև քվեարկության արդյունքների ավարտը ընտրական տեղամասերում շրջիկ դիտորդություն է իրականացրել 60 շրջիկ խումբ: Երեկոյան ժամը 20:00-ից հետո դիտարկվել է նաև բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը։ Դիտորդների առանձին խումբ հետևել է ընտրությունների ընթացքին բոլոր ընտրական տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով: Իրականացվել է նաև ԶԼՄ-ների հատվածական մշտադիտարկում:
Արձանագրված հիմնական խախտումները
Քվեարկության օրն «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներն այցելել են Երևան քաղաքի 475 տեղամասերից 468-ը՝ առնվազն 1 անգամ։ 148 տեղամասերում դիտորդների կողմից արձանագրվել են տարբեր խախտումներ: Խախտումների գերակշիռ մասն ընթացակարգային են, սակայն արձանագրվել են նաև քվեարկության սենյակում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայության, կուտակումների, քվեարկության գաղտնիության խախտման, ընտրողների ուղղորդման, կազմակերպված տեղափոխության, դիտորդների կամ ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների խախտման, սպառնալիքների և վեճերի դեպքեր:
Հարկ է նշել, որ մյուս խախտումերի գերակշիռ մասը փոխկապակցված է եղել ընտրողների վերահսկողության, ուղղորդման, մասնակցության ապահովման հետ:
Գտնվելու իրավունք չունեցող անձանց տևական ներկայության 32 դեպքերն արձանագրվել են 31 տեղամասերում և հիմնականում տեղի են ունեցել վստահված անձանց և թեկնածուների մասնակցությամբ: Սակայն եթե միևնույն ուժը ներկայացնող 2-րդ, 3-րդ վստահված անձանց միաժամանակյա ներկայությունը կրկնվող խախտում է բոլոր ընտրությունների ժամանակ, ապա 6 քաղաքական ուժերի 10 թեկնածուների ներկայությունը տեղամասերում անսպասելի էր Դաշինքի համար: Ուշագրավ է թեկնածուների համոզվածությունը՝ տեղամասում քվեարկության ընթացքում գտնվելու իրավունք ունենալու մասին, և պատրաստակամությունը, որով նրանք հայտնում էին արդեն բազմաթիվ տեղամասեր այցելելու մասին:
Վստահված անձանց ներկայության հետ կապված 15 դեպքերից 5-ում միևնույն ժամանակ արձանագրվում էին կուտակումներ, մեկ դեպքում մասնակցության վերաբերյալ տվյալների փոխանցումը 3-րդ կողմին, իսկ երկու դեպքում դիտորդների հասցեին ուղղված սպառնալիքներ, վիրավորանքներ և վիճաբանություններ, որոնց նպատակն էր դիտորդի իրավունքների իրացման խոչընդոտումը:
10 դեպքում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայությունը գնահատվել է ի օգուտ «Քաղաքացիական Պայմանագրի», 2 դեպքում՝ ի օգուտ «Մայր Հայաստան» դաշինքի, մեկական դեպքերում՝ «Ուժը Հայրենյաց», «Ազգային Առաջընթաց», «Հանրապետություն» կուսակցությունների օգտին:
Անգամ մեկ անձի տևական անհարկի ներկայությունը տեղամասային կենտրոնից 50 մետր շառավղով արգելված է և հավասարեցված է կուտակումներին: Այդուհանդերձ, 21 տեղամասերի շրջակայքում արձանագրված կուտակումների 26 դեպքերն առավելապես վերաբերել են մի քանի անձանց ներկայությանը, իսկ 12 դեպքում՝ վստահված անձանց և իրենց շուրջ հավաքվող ընտրողների կամ անհայտ անձանց կուտակումներին: Ուշագրավ է, որ կուտակումները հնարավոր է եղել ասոցացնել միայն 3 կուսակցությունների հետ՝ «Քաղաքացիական պայմանագրի» ՝ 8 դեպքում, 1 դեպքում՝ «Հանրապետություն» կուսակցության և 2 դեպքում՝ «Ապրելու երկրի» հետ:
Ընտրողների ուղղորդման, քվեարկության վերահսկողության 28 դեպքեր են արձանագրվել 21 տեղամասերում: Բացառությամբ 9 դեպքերի, մյուս իրավիճակներում ուղղորդումներում ներգրավված էին վստահված անձինք և հանձնաժողովի անդամները (հիմնականում նախագահները): 14 դեպքերում այդ ուղղորդումներն իրականացվում էին ի օգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությյան, 2 դեպքում՝ Ապրելու Երկրի, մեկական դեպքերում՝ ՈՒժը Հայրենյաց, Հանրապետություն, ԼՀԿ կուսակցությունների և «Մայր Հայաստան» դաշինքի: Դիտորդների համար տեսանելի է եղել օրինաչափությունը, թե ինչպես են տարբեր անձինք ուղեկցում ընտրողների դեպի տեղամաս, կազմակերպում տեղափոխությունը կամ դիմավորում տեղամասի մոտ և արդեն քվեարկության սենյակում հաղորդակցվում ընտրողների հետ, ցուցումներ տալիս ընտրողների գրանցման կամ քվեարկության վերաբերյալ, այնպես կանգնում քվեախցիկի մոտ, որ ստեղծվի քվեարկության գաղտնիության բացահայտման վտանգ: Ուշագրավ է, որ 9/6 տեղամասի տարածքում արձանագրված ուղղորդման դեպքում դիտորդները լսել են, թե ինչպես է ՔՊ վստահված անձը համագործակցում անհայտ անձանց հետ, որոնք ցուցում էին տալիս երկու ընտրողների քվեարկել «Հանրապետություն» կուսակցության օգտին:
17 դեպքեր են արձանագրվել 15 տեղամասերում: Հարկ է նշել, որ այս դեպքերը, դիտորդների ներկայության պարագայում, կանխվում էին հանձնաժողովների կողմից:
Հանձնաժողովի կողմից որևէ քվեաթերթիկի չտրամադրման դեպքեր դիտորդների կողմից չեն արձանագրվել: Փոխարենն արձանագրվել են չօգտագործված քվեաթերթիկների ցուցադրական ոչնչացման 2 դեպքեր, իսկ 1 դեպքում չօգտագործված քվեաթերթիկների արկղիկից մի քանի քվեաթերթիկի դուրս բերման փորձ:
Քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ժամանակ խախտումներ գրեթե չեն արձանագրվել։ Դիտարկված 98 տեղամասերից 4-ում տեխնիկական սարքից տպվող կտրոնների և ընտրացուցակներում ստորագրությունների թվերը չեն համընկել։ Սակայն առանձին տեղամասերում տեղի են ունեցել վիճաբանություններ և այլ խախտումներ։ Մասնավորապես, 8 տեղամասերում ոստիկանների կամ հանձնաժողովի նախագահների չիմացության պատճառով խոչընդոտվել է հաշվարկի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց մուտքը։ 17 տեղամասային կենտրոններում քվեարկության ամփոփման նիստն ընդհատվել է։
Ընտրողների կազմակերպված ու պարբերական տեղափոխություն է արձանագրվել 8 տեղամասերում:
Հանցակազմ պարունակող խախտումների վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին 3 և հանցափորձի մասին 1 հաղորդում, ինչպես նաև մեկ վարչական բողոք՝ «Հայաքվե» դիտորդական առաքելության՝ քարոզչություն և հակաքարոզչություն իրականացնելու վերաբերյալ: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրավապահ մարմիններին է ներկայացվել հանցագործության մասին 5 հաղորդում:
Ընտրողների ազատ կամարտահայտումը
«Անկախ դիտորդի» կողմից իրականացված երկարաժամկետ առաքելությունը հավաքագրել է տեղեկություններ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հավաքների ու ժողովների կազմակերպման նպատակով վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահման վերաբերյալ: Ընդ որում, նկատվել են նաև դեպքեր, երբ վարչական լծակներն օգտագործվել են քաղաքացիներին նախընտրական հավաքներին մասնակցելուն պարտադրելու նպատակով, սակայն այդ պարտադրանքի դեպքերը չեն կրել զանգվածային բնույթ և, որպես կանոն, վարչական ռեսուրսի չարաշահումը սահմանափակվել է նախընտրական միջոցառումների կազմակերպմանն աջակցելով:
Երկարաժամկետ դիտորդության ընթացքում չեն նկատվել ընտրակաշառքի դեպքեր, բայց արձանագրվել են ընտրողներին ապրանքներ (իրեր) տալու և ծառայություններ խոստանալու՝ Քրեական օրենսգրքով արգելված առանձին դեպքեր «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժը Հայրենյաց» կուսակցությունների և «Մայր Հայաստան» դաշինքի կողմից:
Առանձին մարմինների դիտարկման արդյունքներ
Առաքելության կողմից ընտրողների ցուցակում անձանց կրկնման դեպքերի մասին ահազանգեր չեն ստացվել, սակայն եղել են դեպքեր, երբ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների անունները բացակայել են ընտրական ցուցակից: Ոստիկանության կողմից նախընտրական հավաքների խոչընդոտման դեպքեր չեն արձանագրվել, սակայն արձանագրվել է մի դեպք, երբ ոստիկանությանը հայտնի էր, որ հակընդդեմ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են հայտնվելու մի վայրում, և ոստիկանների ուշ մոտենալու պատճառով եղել է բռնությամբ զուգորդված ընդհարում:
Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Հանրային հեռուստատեսությունը կազմակերպել է մի շարք հեռուստաբանավեճեր ու քննարկումներ՝ ավելի շատ, քան օրենքով նախատեսված նվազագույն թիվը: Հիմնական հեռուստաբանավեճերի կանոններն ու դրանց իմպլեմենտացիան արդար էին ու հավասար: Ցավոք, որոշ քաղաքական ուժեր հրաժարվեցին բանավեճի մասնակցությունից:
Հանրային հեռուստատեսության թե՛ Առաջին ալիքը և թե՛ Լրատվական ալիքը դեռևս սեպտեմբերի 6-ի դրությամբ լրատվական և այլ հաղորդումներում «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունը լուսաբանել են ավելի քան երկու անգամ ավելի շատ, քան մյուս կուսակցություններինը՝ միջինում: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերից «Հանրային ձայնը» վերոնշյալ ժամանակահատվածում լուսաբանվել է «Քաղաքացիական պայմանագրից» 3 անգամ քիչ, իսկ «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստանը» և «Հանրապետությունը»՝ 2-ական անգամ քիչ: Ընդ որում, այդ ուժերից էապես ավել լուսաբանում է հատկացվել 2 տոկոսից էլ ցածր ձայն հավաքած «Հաղթանակ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, ինչը հերքում է այն ենթադրությունը, որ լուսաբանման քանակը կապված է կուսակցությունների հեղինակության հետ:
Ավելին, Հանրայինը իրականացրել է Տիգրան Ավինյանի ինստիտուցիոնալ լուսաբանում, որը, սակայն, նույնպես ակնհայտորեն կրել է քարոզչական բնույթ: Ընդ որում, դա իրականացվել է թե՛ նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածում և թե՛ դրան նախորդած ամիսներին:
Ընտրական տեղամասերում տեղադրված տեսախցիկների հեռարձակումը, որոշ եզակի ու կարճատև բացառություններով, անխափան աշխատել է ամբողջ ընթացքում: Որոշակի ժամանակահատված ԿԸՀ elections.am կայքի հասանելիությունը եղել է սահմանափակ, որը, սակայն, արագ վերականգնվել է:
Եզրահանգումներ
Երևանի ավագանու հերթական ընտրությունները, որոնց մասնակցում էին 14 քաղաքական ուժեր, անցել են մրցակցային պայմաններում: Միաժամանակ, սակայն, ընտրությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը բավականին ցածր է եղել։ Արդյունքում, ավագանին ձևավորվում է ընտրելու իրավունք ունեցող անձանց 28․5%-ի քվեարկությամբ։ Թեև առաքելությունն ահազանգել է քարոզարշավի ժամանակ և դրան նախորդող ժամանակահատվածում վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահումներին, այդուհանդերձ, ընտրողները մեծամասամբ ազատ էին իրենց ընտրական կամքն արտահայտելու առումով։
Ընտրություններում առավելություն ստանալու նպատակով վարչական ռեսուրսի չարաշահման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այս երևույթի դեմ պայքարի առկա գործիքակազմը բավարար չէ։ Մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել ընտրություններին մասնակցող ուժերի բարեխիղճ ու հավասար մրցակցության հնարավորությունն առավել տևական ժամանակահատվածում, քան նախընտրական քարոզչության՝ գործող Ընտրական օրենսգրքով սահմանված ժամանակն է։
Շարունակում է մտահոգիչ մնալ ընտրական ոչ պատշաճ վարչարարությունը․ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, անդամների ոչ պատշաճ պատրաստվածության հետևանքով առանձին տեղամասերում չէր ապահովվում ընտրական ընթացակարգերի գրագետ, անխափան իրականացումը, որը կապահովեր քվեարկության բնականոն ընթացքը։
Գտնում ենք, որ ընտրական հանցագործությունների հաղորդումները (այդ թվում` Տիգրան Ավինյանի կողմից Պոլիտեխնիկական համալսարանում կատարվածի մասին) պետք է արժանանան պատշաճ քննության, իսկ Հանրային հեռուստատեսության խիստ իշխանամետ մոտեցումը պետք է դառնա հետագա քննարկումների առարկա: Խիստ մերժելի է ձայնային ձեռներեցների՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին աշխատելը:
«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդական առաքելության նպատակն է՝ բացահայտել օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի խնդիրներն ընտրական գործընթացներում և առաջարկել լուծումներ, որոնք կնպաստեն ժողովրդավարության ամրապնդմանը։ Այս առումով հատկապես կարևոր ենք համարում դիտորդական առաքելության բացահայտումների հրապարակումն ու դրանց պատշաճ քննությունն իրավապահ մարմինների կողմից։
«Անկախ դիտորդ» առաքելություն, ի դեմս՝
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
«Իրազեկ քաղաքացիների միավորման»
Դաշինքը համագործակցում է հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ֊ի
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի