Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել
Ֆրանսիան խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր զինատեսակների կիրառմամբ ռազմական գործողության մեկնարկը, այդ թվում՝ բնակեցված տարածքների դեմ, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունը, որը սպառնում է հազարավոր խաղաղ բնակիչներին, որոնք արդեն տուժել են ամիսներ շարունակ ապօրինի շրջափակումից: Այդ գործողությունները հակասում են միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու բանակցային կարգավորման»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարձակումը և հարգել միջազգային իրավունքը՝ նշելով, որ Ադրբեջանը կհամարվի միանձնյա պատասխանատու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ճակատագրի համար։
«Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել։ Այն սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի այդ անընդունելի հարձակմանը ցուցաբերվի ուժեղ պատասխան՝ համարժեք այն վտանգներին, որոնք այն ներկայացնում է տարածաշրջանի անվտանգության համար»,- ասվում է հայտարարության մեջ։