Իմ հայ եղբայրներ, հանդուրժող եղեք, պահեք հայի պատիվը. Կնյազ Հասանովը բացեց ԱԺ առաջին նիստը
Այսօր աշխատանքներն է սկսել ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։ Նիստին մասնակցում են նաև նախագահ Արմեն Սարգսյանն ու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Նիստի սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը։
Նիստը վարում է պատգամավոր Կնյազ Հասանովը՝ որպես տարիքով ամենամեծը։ Նա կոչ արեց լինել միասնական, մի կողմ թողնել ներքին տարաձայնությունները։ «Ես խնդրում եմ իմ հայ եղբայր պատգամավորներին լինել միասնական, միմյանց հանդուրժող, որովհետև այստեղ ներկա բոլոր պատգամավորների համար առաջնայինը դա հայ ժողովրդի անվտանգությունն է, երկրի զարգացումն ու հզորացումը և ամենակարևորը՝ հայի պատիվը։ Ուստի խնդրում եմ ձեզ՝ եկեք դիմադիր և ընդդիմադիր հասկացողությունը պահենք չափի մեջ, լինել միասնական, միմյանց նկատմամբ ավելի հարգանքով և Հայաստան երկիրը պահել ավելի բարձր կարգավիճակով։ Մեր պահվածքով ու անհիմն գործողություններով չթուլացնենք մեզ, որովհետև թշնամու համար հակառակորդը ինչքան թույլ է, այնքան նա իրեն հզոր ու համարձակ է զգում»,- նիստի սկզբում կոչ արեց Կնյազ Հասանովը։
Ուղերձով հանդես եկավ նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ «Մեր երկրում տիրող ներկայիս ծանր իրավիճակում և տարածաշրջանում առկա բարդ ու դժվարին հանգամանքներում մենք կենսականորեն պետք ունենք միասնության, հանդարտության, հուզումների ու լարվածության թոթափման՝ ատելության, վրեժխնդրության ու պառակտումների փոխարեն։ Մենք ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային ու քաղաքական համերաշխությանն այլընտրանք չկա։ Առաջնահերթորեն և այս խորհրդարանից, կառավարական համակարգից պիտի սերմանվի սերը, բարի կամեցողությունը հասարակությունում։ Աշխատեք համախումբ՝ մեր պետության անսասանության, ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարման, արտագաղթի կանխման, Սփյուռքի հետ կապերի ու գործակցության առավել արդյունավորման ջանքերով։ Աղոթում ենք, որ Աստված իմաստություն պարգևի և աջակից լինի ձեզ՝ ձեր գործունեության մեջ, որպեսզի ԱԺ առաքելությունն արգասավորվի ցանկալի արդյունքներով՝ հանուն հայրենիքի առաջընթացի, մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու արժանապատիվ կյանքի»,- կոչ արեց նա։