ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել վտանգների մասին
Հաղորդագրություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում ենք տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ երկրի սահմանադրական կարգը պահպանելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն։
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ և տուրք չտալ երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին, պահպանել զգոնություն, թույլ չտալ իրավակարգի խախտումներ։
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն