Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից։

«Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:

Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:

Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:

Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, բնակչության կենսապահովման հետ կապված խնդիրները, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն