Մենք մի քանի անգամ ունեցել ենք անկախություն, եկե´ք հիմա ունենանք մեկընդմիշտ. Հայկ Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ.
«Սիրելի´ հայրենակիցներ,
Եթե անկախությունը ձեռք բերելուն պես այն դառնար վերջնականապես երաշխավորված ավարտուն մի բան, ո՞րը կլիներ դրա իմաստը: Ծառը, տնկելուն պես չի դառնում ծառ: Շենքը շենք չի դառնում հիմքը դնելուն պես:
Գիտեմ՝ այս օրերին, շատերդ եք ծանր ապրումների մեջ: Գիտեմ, որ ուզում եք վերցնել ու միանգամից լուծել բոլոր հարցերը, միանգամից ուժեղանալ, միանգամից անկախանալ: Ապրել ամբողջը` միանգամից և մեկընդմիշտ: Գիտեմ, որովհետև, ես էլ եմ նույնը զգում:
Սակայն, ցավոք սրտի, այդպես չի լինում: Եվ լինել անկախ մեկընդմիշտ, նշանակում է լինել անկախ ամեն օր: Լինել անկախ դարերով, նշանակում է լինել անկախ ամեն օր: Բայց դարից երկար ձգվում է օրը, երբեմն: Հայտնի ստեղծագործության այս բառերը, այս օրերին զգացվում են ողջ խորությամբ:
Այսօր մենք ոչ միայն նշում ենք անկախության օրը, մենք ապրում ենք անկախությունը: Ապրում ենք անկախությունը ոչ միայն այսօրվա, այլև վաղվա ու վաղվա դարերի համար: Ապրում ենք ոչ միայն մեզ համար, այլև մեզանից հետո եկողների համար:
Հիմա ոմանք փորձում են խաթարել մեր անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունը: Հենց այդ պատճառով հիմա մենք պետք է լինենք առավել անկախ, քան երեկ, առավել ազատ, քան երեկ, առավել ինքիշխան, քան երեկ:
Դա անելու համար նախ և առաջ հարկավոր է սթափ գլխով գնահատել մեր շուրջը կատարվողը: Հասկանալ, որ դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել նաև ներսից: Որքան նվազեցնեն թիրախի հեռավորությունը, այնքան կնվազի վրիպելու հնարավորությունը:
Եկեք թույլ չտանք, որ մեր ներսից նշանառության տակ վերցնեն մեր իսկ անկախությունը: Եկեք, այս օրերին, ամեն մեկս կատարենք մեր քաղաքացիական պարտքը այնպես, կարծես դա անում ենք դարերի համար: Կարծես` հենց մեր գործողություններից է կախված անկախությունը: Որովհետև հենց այդպես էլ կա´:
Սա կենդանի պատմություն է: Մենք այս պատմության դիտորդները չենք պարզապես, մենք հիմա ստեղծում ենք այդ պատմությունը: Մենք մի քանի անգամ ունեցել ենք անկախություն, եկե´ք հիմա ունենանք մեկընդմիշտ: Մի քանի անգամ ունեցել ենք պետություն, եկե´ք հիմա ունենանք մեկընդմիշտ»։