Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուղևորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՔԿ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան-Վարդանանց խաչմերուկում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով, կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խաթարելով տրանսպորտի եթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, շրջափակել են ճանապարհի այդ հատվածով երթևեկող «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցրել ավտոմեքենայի ուղևորին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն: