Գերմանիան հաղթում է բոլորին, Իսպանիան՝ պարտվում. ֆուտբոլի եվրոպական լիգաներ
Կայացան ֆուտբոլի Եվրոպայի և Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղերը:
Զարմանալի է, բայց փաստ, մեկնարկում անհաջող են հանդես եկել Անգլիայի և Իսպանիայի ներկայացուցիչները, որոնք կրել են երկուական պարտություն: Եվրոպայի լիգայում անգլիական «Բրայթոնը» սեփական դաշտում զիջել է հունական ԱԵԿ-ին՝ 2:3: Կոնֆերենցիաների լիգայում «Աստոն Վիլան» հյուրընկալվելիս նույն հաշվով պարտվել է լեհական «Լեգիային»: Բայց միաժամանակ «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է ավստրիական ԼԱՍԿ-ին, իսկ «Վեսթ Հեմը» իր հարկի տակ առավելության է հասել սերբական ՏՍԿ-ի նկատմամբ՝ 3:1:
ԵԼ-ին մասնակցող իսպանական «Բետիսն» ու «Վիլյառեալն» արտագնա խաղում տանուլ են տվել համապատասխանաբար շոտլանդական «Ռեյնջերսին» (0:1) և հունական «Պանաթինաիկոսին» (0:2):
Թոփ 5-ի մյուս երկրների՝ Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ակումբները, ընթացիկ տուրում խուսափել են պարտությունից: Հատկապես վստահ են մեկնարկել գերմանացիները, որոնք երեք խաղում տարել են 3 հաղթանակ («Օլիմպիակոս» - «Ֆրայբուրգ»՝ 2:3, «Բայեր» - «Հակեն»՝ 4:0, «Այնտրախտ» - «Աբերդին»՝ 2:1):
Ֆրանսիայի ակումբները տարել են 2 հաղթանակ («Ռեն» - «Մաքաբի»՝ 3:0, «Լիլ» - «Օլիմպիա»՝ 2:0), երկու խաղ ավարտել ոչ-ոքի («Այաքս» - «Մարսել»՝ 3:3, «Սենտ-Գալեն» - «Թուլուզա»՝ 1:1): Իտալացիները Եվրոպայի լիգայում տոնել են հաղթանակներ («Ատալանտա» - «Ռակով»՝ 2:0, «Շերիֆ» - «Ռոմա»՝ 1:2), իսկ Կոնֆերենցիայում ոչ-ոքի խաղացել («Գենկ» - «Ֆիորենտինա»՝ 2:2):
Ինչ վերաբերում է Հայաստանի ֆուտբոլիստների թիմերի մասնակցությանը, ապա Կարեն Բարսեղյանի «Սլովանը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է իսլանդական «Կլակսվիկարին»: Մեր ֆուտբոլիստը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Վարազդատ Հարոյանի և Կամո Հովհաննիսյանի թիմը՝ «Աստանան», հյուրընկալվելիս 1:5 հաշվով պարտվել է Զագրեբի «Դինամոյին»: Ղազախական թիմի կազմում հեղինակության միակ գոլը խփել է Կամո Հովհաննիսյանը:
Սույն լիգաների 2-րդ տուրի խաղերը կկայանան հոկտեմբերի 5-ին: