«Հայաստան» դաշինքը պահանջում է ազատ արձակել կալանավորված 2 պատգամավորներին
«Հայաստան» դաշինքը պահանջում է, որպեսզի ապահովվի կալանքի տակ գտնվող պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունը ԱԺ նիստներին։
Այս մասին ԱԺ այսօրվա նիստում ասաց դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը։ Ըստ նրա՝ Սահմանադրության համաձայն՝ պատգամավորն առանց ԱԺ համաձայնության չի կարող զրկվել ազատությունից։ «Հետևաբար, մեր խմբակցությունը պահանջում է ապահովել մեր երկու գործընկերների անխոչընդոտ ներկայությունն Ազգային ժողովում, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց սահմանադրական պարտականությունները»,- ասաց Սեյրան Օհանյանը։
«Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց․ «Ոչ միայն կանոնակարգն է խախտվում, այլ նաև արտառոց վիճակում ենք։ Չի եղել այսպիսի գտումարում, որ մենք սկսենք, երկու պատգամավոր գործընկերներ գտնվեն կալանքի տակ։ Ազատությունից զրկված, իրենց կամքին հակառակ չեն կարողանում ներկա գտնվել ԱԺ նիստերին, լիարժեք իրականացնել իրենց լիազորությունները։ Եվ եթե մենք համարում ենք, որ ոչինչ չի եղել, այսպես կարելի է հանգիստ սկսել ու անցնել օրակարգին, այս սկզբով մենք լավ տեղ չենք հասնի։ Մենք իրավունք չունենք ուղղակի կանոնակարգի կոպիտ խախտումով ու ոտնահարումով գնալ առաջ։ Ամենաթողություն է մեր աչքի առաջ տեղի ունեցել, անձեռնմխելիությունը շրջանցելով, Ազգային ժողովն անտեսելով՝ մեր երկու պատգակմավորները գտնվում ենք կալանքի տակ։ Սա անարգանք է Աժ նկատմամբ»։