Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին: Շնորհավորելով դեսպանին լիազորությունների ստանձնման առթիվ՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է Լիտվայի դերը՝ որպես Եվրոպայի կարեւոր գործընկերոջ:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերին վերաբերող օրակարգային հարցեր՝ դատապարտելով ադրբեջանցիների էթնիկ զտման հետեւողական քաղաքականությունը: Այս համատեքստում հավանության է արժանացել տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնելու դեսպանի առաջարկը: ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ կոնկրետ քայլեր կատարելու ժամանակն է՝ ընդգծելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ միջազգային հեղինակավոր կառույցների հայտարարությունները, մարդու իրավունքներն ու համընդհանուր արժեքները հարգելու կոչերը մնում են անպատասխան: Նա հավելել է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ժողովրդավարության օրակարգին՝ այս հարցում եւս ակնկալելով միջազգային հանրության գործուն աջակցությունը: