ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 29-30-ը աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում: Այցի նպատակն էր վրաց գործընկերների հետ քննարկել առևտրատնտեսական ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նախարարությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը: Հանդիպումներին մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։

Այցի առաջին օրը` հուլիսի 29-ին, նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթելա Տուրնավայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության ներկայիս իրավիճակը, տարածաշրջանային համագործակցության հեռանկարները: «Մեր երկրներն առանձին, համեմատաբար փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ տարածաշրջանում։ Այս համատեքստում կարող ենք քննարկել մի շարք համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու և էներգետիկայի ոլորտներում», - նշել է Վահան Քերոբյանը։

Կողմերը խոսել են արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին, որը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում, ինչի արդյունքում կզարգանա նաև զբոսաշրջությունը։ Գործընկերներն անդրադարձել են երկու երկրների միջև գինեգործական զբոսաշրջության զարգացման հեռանկարներին։ Հանդիպման ավարտին Վահան Քերոբյանը հրավիրել է վրացի գործարարներին մասնակցություն ունենալ Հայաստանի ներդրումային նախագծերում։

Հուլիսի 29-ին Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։ Քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, անդրադարձ է եղել տնտեսական կապերի ամրապնդման, հարկային ու մաքսային ոլորտներում համագործակցության կարևորության հարցերին։ Կողմերը քննարկել են նաև Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները։ Հուլիսի 30-ին հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել փոխվարչապետ, Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի և Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի հետ։

Վրացի գործընկերների հետ քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև անդրադարձ է եղել գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորություններին։ Տեղեկացնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021 թ․ հունվար–մայիսին Հայաստանից Վրաստան արտահանումը կազմել է 24,5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17%–ով (2020 թվականի հունվար–մայիսին կազմել է 20,9 մլն ԱՄՆ դոլար):2021 թ․ հունվար–մայիսին Վրաստանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 35,0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38%–ով (2020թ․ հունվար–մայիսին կազմել է 25,4 մլն ԱՄՆ դոլար)։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն