3 օրվա ընթացքում Հակարիի կամրջով Հայաստան է տեղափոխվել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 19 հազար քաղաքացի, այդ թվում 5.5 հազար երեխա։ Կառավարությունում այսօրվանից գործող  տեղեկատվական կենտրոնում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ 2500 արցախցիների պետությունն արդեն ապահովել է կեցավայրով։ Տեղահանված արցախցիներից այսքանն է օգտվել գործադիրի առաջարկից։



Խաչատրյանը խոսքով՝ Կառավարության առաջնահերթ խնդիրն այս պահին մարդկանց կեցավայրերով ապահովելն է։ Այդ նպատակով նախապես գույքագրվել, քարտեզագրվել են հանրապետության հյուրատներն ու հյուրանոցները, որոնք կարող են հյուրընկալել արցախցիների։ Խաչատրյանը նշել է, որ անկախ այն հանգամանքից՝ արցախցիներն օգտվում են կեցավայր տրամադրելու կառավարության առաջարկից, թե ոչ, Կոռնիձորում գործող հումանիտար կենտրոնում նրանց կարիքները հաշվառվում են՝ հետագա աջակցության մեխանիզմեր մշակելու համար։



Իհարկե, ամենակարևոր հարցն այն է, որ ժամանող յուրաքանչյուր մարդ վստահ լինի, որ կունենա կեցության համար անհրաժեշտ պայմաններ։ Հենց Կոռնիձորում դիմավորման պահին մենք առաջնահերթ փորձում ենք պարզել՝ արդյոք մարդիկ գիտեն թե ուր են գնալու, ունեն արդյոք կեցավայր։ Այս պահի դրությամբ 19 հազար մարդ է հատել Կոռնիձորի մեր անցակետը, 2500-ն արդեն գտնվում են մեր կողմից տրամադրած կացարաններում և ևս 1200-ն այս պահին դեռ տեղավորման գործընթացն են անցնում»,-ասել է փոխվարչապետը։

Այս պահի դրությամբ տեղահանված շուրջ 1000 արցախցի Սյունիքի, 500-ը Վայքի և ևս 500-ը Գեղարքունիքի մարզում են ապաստանել, աշխատանքներ են տարվում նաև Տավուշի մարզում քաղաքացիներին տեղավորելու համար։ Կեցության խնդիրը լուծելուց հետո Կառավարությունը կքննարկի նաև հետագա օգնության մեխանիզմերը, սոցիալական աջակցության, կրթության շարունակականության ու զբաղվածության ապահովման տարբերակները։ Տիգրան Խաչատրյանն ասել է, որ առաջիկայում հումանիտար կենտրոններ կգործեն բոլոր մարզերում։

Արդեն աշխատանքային հանդիպմանը քննարկել ենք այն մեխանիզմերը, որոնք պետք են աջակցությունը տեղահանված բնակչությանը հասանելի դարձնելու համար։ Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ նմանատիպ իրավիճակի ենք բախվում․ 44-օրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ գտնվում էին Հայաստանում, և դեռ այն ժամանակ մենք ունեինք սոցիալական ծրագրեր, որոնք կարող են գործարկվել նաև այս անգամ։ Այդպիսիք կարող են լինել օգնություն՝ բնակվարձի փոխհատուցման, կամ ովքեր չեն ունենա աշխատանք ու եկամտի այլ աղբյուր՝ իրենց համար դրամական աջակցության տեսքով։ Մենք այս մեխանիզմերը կքննարկենք, կհաստատենք և, ովքեր կունենան դրա կարիքը, անպայման կդառնան շահառուներ»,-կառավարությունում այսօրվանից գործող տեղեկատվական կենտրոնում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն