ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պատվիրակության ներկայացուցիչներին՝ ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ Ալ Մազրուիի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից՝ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ընդհանուր շրջանակը, առաջնահերթ ուղղությունները և իրականացվող ծրագրերը:

Նախարարն անդրադարձել է Հայաստան-ԱՄԷ հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ ԱՄԷ ներկայացուցչական պատվիրակության այցը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և կուրվագծի համագործակցության նոր ուղղություններ:

Աբդուլլահ Ալ Մազրուին նշել է, որ ԱՄԷ պատվիրակությունը Հայաստան է ժամանել երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի զարգացումը խթանելու նպատակով: Նա նաև ընդգծել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առանցքային դերը երկկողմ գործարար կապերի և հատկապես տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացման գործում:

Կողմերը շեշտել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման մեծ ներուժը և պատրաստակամություն են հայտնել փոխանակվելու ունեցած գիտելիքներով և փորձով:

Հանդիպման ավարտին նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական միջոցառումները և հրավիրել ԱՄԷ ընկերություններին մասնակցելու հոկտեմբերին Երևանում կայանալիք «ԴիջիԹեք 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն