Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուոթսոնը հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ՝ կոչ անելով ապահովել մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը ԼՂ՝ բոլոր նրանց համար, ովքեր կարիքի մեջ են։

«Մենք ցավում ենք այն լուրից, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով և խորը կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին»,- ասել է Ուոթսոնը։

Ըստ պաշտոնյայի՝ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ճգնաժամից տուժածներին։ Նա նշել է, որ 28000 մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան։

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Փաուերը տեղում է, և այսօր Միացյալ Նահանգները հայտարարում է հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրման մասին՝ Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով տուժած կամ տեղահանվածների համար բուժօգնության և այլ շտապ կարիքները հոգալու համար՝ օգնելով տեղի համայնքներին ապահովել ապաստան և անհրաժեշտ պարագաներ, ինչպիսիք են հիգիենայի պարագաները, վերմակները և հագուստը»,- ասված է հայտարարության մեջ։։

Ադրիեն Ուոթսոնը հիշեցրել է, որ 2020 թվականից ի վեր ԱՄՆ աջակցել է Լեռնային Ղարաբաղի և հակամարտությունից տուժած համայնքներին՝ սննդի, ջրի, շտապ բժշկական օգնության տրամադրմանը, տարհանմանն ու ընտանիքների վերամիավորմանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն