Հայաստանի շախմատիստները հետապնդողների թվում են. աշխարհի Մ-20 առաջնություն
Մեխիկոյում ընթացող շախմատի աշխարհի երիտասարդական՝ Մ-20 առաջնությունում, արդեն անցկացվել է 7 տուր:
Աղջիկների մրցաշարում աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է ամերիկուհի Կարիսա Յիպը: Հայաստանը ներկայացնող Մարիամ Մկրտչյանը, ցավոք, պարտվել է բուլղարուհի Բելոսլավա Կրաստևային և վաստակած 5 միավորով այժմ զբաղեցնում է 5-րդ տեղը: Նա այսօր կմրցի կանադուհի Սվիտլանա Դեմչենկոյի հետ, որը 5-րդ տուրում պարտության էր մատնել մեր մյուս մասնակցին՝ Ասյա Եդիգարյանին:
Վերջինն այդ սայթաքումից հետո տարել է մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի արել և վաստակած 4 միավորով գտնվում է 26-րդ հորիզոնականում: Այսօր կայանալիք 8-րդ տուրում նա կմրցի ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող Տատյանա Գետմանի հետ:
Տղաների մրցաշարում ելույթ ունեցող մեր շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը ընթացիկ տուրում միավոր վաստակեց առանց պայքարի, քանի որ նրա մրցակիցը չի ներկայացել հանդիպմանը: Նա 5,5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում են 3 շախմատիստ, որոնք ունեն 6-ական միավոր: 8-րդ տուրում Մամիկոն Ղարիբյանի մրցակիցը հունգարացի Գլեբ Դուդինն է:
Աշխարհի երիտասարդական առաջնության ավարտին մնացել է 4 տուր: