ԵՄ-ն պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին. Ստանո
Եվրամիությունը և ԵՄ անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, ասել է Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Եվրահանձնաժողովը հայտարարել է 5 միլիոն եվրոյի հավելյալ մարդասիրական օգնության փաթեթի մասին, ԵՄ-ն և անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու»,- ասել է նա։
Ստանոն հավելել է, որ ԵՄ-ն նաև կոչ է անում «Ադրբեջանին թույլ տալ միջազգային մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակի անկախ մոնիթորինգ անցկացնելու համար»:
«Մենք կրկին հայտարարում ենք, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, այդ թվում՝ սեփական տներում արժանապատիվ, առանց ահաբեկման և խտրականության ապրելու, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքի համար»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը: