Արմավիրի գիշերօթիկը` արցախցիների ժամանակավոր կեցավայր
Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում բավարար պայմաններ չկան տեղահանված արցախցիների ապրելու համար: Ժամանակավոր կացարանում նրանք ապրում են մեկ ընդհանուր տարածքում, որի պատճառով այստեղ երկար մնալու մասին չեն մտածում։ Հասարակական կազմակերպությունները հումանիտար օգնությամբ փորձում են մեղմել իրավիճակը: Ճգնաժամ է նաև վարձով տրվող բնակարանների շուկայում:
Ինն ամիս շրջափակման մեջ անցկացրած, ծանր ու դառն օրերը մի կերպ հաղթահարած և այդ ամենից հետո իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիների ժամանակավոր կեցավայրն Արմավիրում նախկին գիշերօթիկ դպրոցի ընդարձակ ննջարաններն են՝ հնամաշ գույքով ու անկողիններով: Տեղահանվածների մի մասը ստիպված է մնացել այնտեղ, մի քանիսը գիշերել են մեքենաներում։
«Ես լյուքս չեմ ուզում, այնքան, որ գլխին չկաթի, տեղը ցուրտ չլինի: Դե հիմա նայիր՝ կին ու տղամարդ մի տեղ են: Ով կընդունի, որ իր կինը ուրիշի ամուսնու մոտ լինի, սա նորմա՞լ մարդու պահվածք է: Ինձ ասել էին, որ գնում ես հյուրանոց կամ սեփական տուն և ձեր ընտանիքով մնում: 8 հոգով ենք եկել, հասել ու ընդհանուր զորանացում ենք հայտնվել: Ես երեխեքիս վերցրել եմ, եկել, որ մեքենայի մեջ ապրե՞մ: Որոշել եմ երեխեքին վերցնեմ, քնենք մեքենայում»:
«Մենք ոնց այստեղ բնակվենք. հոտը, տեղաշորը, ամբողջն անորակ վիճակում է: Շենքում սենյակներ կան, թող մի սենյակ տրամադրեն օրինակ այն 8 հոգանոց ընտանիքին, 4 կանայք մի սենյակում մնան, տղամարդիկ՝ մյուս սենյակում»:
«Ես առաջին օրն ասացի, որ այստեղ չենք ուզում, որովհետև պայմաններ չկան: Մենք շատ գոհ ենք ընդունելությունից, բայց այստեղ մնալու համար լավ չի: Երկու տղաներս չմնացին, երեք տղամարդով մեքենայի մեջ են քնել»:
Գիշերօթիկ դպրոցը փակվել է 6 տարի առաջ և գույքը չի օգտագործվել, անկողնային նոր պարագաներ չկան, բայց կենցաղային որոշ հարմարություններ ունեն՝ ասում է Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիա Ասատրյանը:
«Ես հասկանում եմ իրենց, որ ուզում են առանձին լինել, ընդհանուր չեն կարողանում, բայց դպրոցի շենքի հնարավորություններն այնպիսին են, որ ընդհանուր ննջարաններ են: Դրանով է պայմանավորված, որ ընտանիքները գալիս են, տեսնում են, որ պայմաններն ընդհանուր է, փորձում են տեղ գտնել, վարձով բնակարան ու գնալ: Այստեղ խոհանոց կա, սառնարան, փոշեկուլ, էլեկտրական թեյնիկներ կան, բաղնիք կա՝ էլեկտրական մարտկոցով է, պետք է հասցնի բաքը տաքանա, որ լողանան»:
Անկողինների, հիգիենայի անհրաժեշտ պարագաների ու որոշ կենցաղային իրերի հարցը փորձում են լուծել հասարակական կազմակերպությունները:
Արմավիրում հիմա վարձով բնակարաններ գրեթե չկան, եղածն էլ անբարեկարգ են, կիսաքանդ վիճակում, որտեղ նույնպես ապրելու նվազագույն պայմաններ չկան:
«Ասել են, որ վաղվանից ձեզ տեղափոխելու ենք ձեր տները, տուն կա: Ի՞նչ տուն, այնտեղ 15-20 տարի մարդ չի ապրել: Տանեմ երեխայիս անտեղ, քնած ժամանակ առաստաղը փլվի երեխիս գլխի՞ն»:
Արմավիրի ավագանու անդամ, «Երիտասարդ ավանգարդ» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Մատինյանը սեպտեմբերի 27-ից Արմավիր քաղաքում վարձով բնակարաններ է փնտրում Արցախից տեղահանվածների համար:
«Այս պայմաններում շատ դժվար է կեցության ապահովման հարց լուծել: Բնակարանների գները տատանվում են 50000-120000 դրամի սահմաններում: Գները պայմանավորված են բարեկեցության աստիճանով: Օրինակ՝ ոչ մի հարմարություն չունեցող մեկսենյականոց բնակարանի վարձը 50000 դրամ է: Միայն սառը ջուր կար, հատակը բետոնյա էր, չնայած բազմահարկ շենքի բնակարան էր»:
Արցախցիներին առաջարկում են նաև Արմավիր համայնքի մյուս բնակավայրերում ապրել: Արմավիրի ավագանու անդամ Սուսաննա Մատինյան. «Արմավիրի համայնքապետարանը վարչական ղեկավարների համագործակցությամբ գտել են ազատ բնակարաններ և առանց վարձավճարների տրամադրում են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին»:
Գյուղում ապրելու ցանկություն է հայտնել նաև Լաուրա Բաբյանը, հայրենի Ասակերանի Սարդարաշենում գյուղատնտեսությամբ է զբաղվել, պահածոներ պատրաստել, որ ձմռանը կարողանային դիմակայել։
«Ամեն ինչ էլ ցանել էինք, ամեն ինչ՝ բազուկ, գազար, կաղամբ: Եթե մոտակայքում գտնվող գյուղ լինի, մենք կապրենք գյուղում, բայց ծայրամասային գյուղ չտանեն, արդեն մենք վախենում ենք: Հիմա էլ կարելի հողում կանաչի ցանել, որ հասցնի աճել մինչև ձմեռ»:
Արցախցիների ներհոսքը Արմավիրի մարզ շարունակվում է: Գիշերօթիկ դպրոցը նրանց ժամանակավորապես է ընդունում, մինչև ընտանիքներով կտեղափոխվեն այլ բնակավայրեր: